09-06-2015 11:28

Վաշինգտոնը հիասթափված է ԵԱՀԿ գրասենյակը փակելու Բաքվի մտադրությունից

Վաշինգտոնը հիասթափվել է ԵԱՀԿ գրասենյակը փակելու Բաքվի մտադրության մասին լուրից , և կոչ է անում վերանայել այդ որոշումը:
Այս հարցի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքը հունիսի 8-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին,  հայտնել է Վեննայում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը:
«Անցյալ ուրբաթ մենք կազմակերպության գլխավոր քարտուղարից տեղեկացանք, որ Ադրբեջանը հայտնել է հուշագրից իր հրաժարվելու մտադրության մասին, որը նախատեսում էր Բաքվում ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գործունեության  ապահովումը: Սա խորը հիասթափություն է առաջացնում»,-ասել է նա և ավելացրել, որ.
«Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հիշել, որ ծրագրերի համակարգողի գրասենյակը գործում է համաձայն ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունների քաղաքական մանդատի: Այդ պատճառով, ինչպես փոխհամաձայնությամբ ընդունված ցանկացած որոշում, սա ևս կարող է չեղյալ համարվել միայն փոխհամաձայնության գալու արդյունքում»,-ասել է դեսպանը:
«Համալիր անվտանգության բարելավմանը հավատարիմ լինելը ցույց տալու ձևերից մեկն  այն է, երբ կառավարությունները ցույց են տալիս, որ իրենց քաղաքացիները կարող են ունենալ ուղիղ գործակցություն ԵԱՀԿ-ի հետ: Տեղերում ԵԱՀԿ-ի ներկայությունը, քաղաքացիների և կառավարությունների  հետ տարվող աշխատանքը, նպաստում է բարեփոխումների հաջողությանն ու ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների իրականացմանը»,- նշեց նա:
«Կառավարությունները պետք է հասկանան, որ որոշակի թերությունների մեջ ամոթալի բան չկա, որ ԵԱՀԿ-ի կամ միջազգային գործընկերների կառուցողական քննադատությունը պետք է դիտարկել ո՛չ թե իբրև սպառնալիք, այլ իբրև հնարավորություն՝ խնդրին քաղաքական լուծում տալու, և իրավիճակը բարելավելու համար»,- նկատեց Դ. Բաերը:
 ԱՄՆ դեսպանը ավելացրեց, որ Ադրբեջանի ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գրասենյակը ունի պոտենցյալ, կատարելու համար օգտակար աշխատանք, որը կօգնի տեղական ինքնակառավարմանը և կբարելավի ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտականությունների իրագործումը:
Գրասենյակը պետք է շարունակի իր գործունեությունը և մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերանայել իր մտադրությունը»,-ընդգծեց նա:
Եզրափակելով Բաերը նշեց, որ եթե Բաքուն այնուամենայնիվ որոշի փակել ԵԱՀԿ գրասենյակը, ապա դա բացասական ազդեցություն կունենա Բաքվի՝ միջազգային պարտավորությունները կատարելու վրա, և ամենից առաջ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտի վրա:
«Սա վատ է տարածաշրջանի, համընդհանուր անվտանգության համար, աա վատ է Ադրբեջանի ժողովրդի և կառավարության համար»,- նշեց նա: