07-04-2015 09:34

Ադրբեջանը չի թաքցնում, որ լարվածության պատճառն ինքն է.Ս. Սարգսյան.

Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի չի նստում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահների ներկայացրած սկզբունքների և տարրերի հետ: Ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք վստահ ենք, որ այն սկզբունքներն ու տարրերը, որոնք ներառված են Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ղեկավարների 6 հայտարարություններում և այն փաստաթղթում, որի հիման վրա մենք Ադրբեջանի հետ արդեն 7 տարուց ավելի բանակցություններ ենք վարում, ընդունելի հիմք են հանդիսանում ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,- ասել է Սերժ Սարգսյանն ու ընդգծել, որ այդ հարցում «Համանախագահ երկրների կոնսենսուսային կարծիքն այն է, որ սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, և ոչ մի դեպքում որևէ սկզբունքին` մյուսի համեմատ նախապատվություն տալ չի կարելի»: Անդրադառնալով առկա վիճակին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք, իհարկե, կիսում ենք համանախագահների այն կարծիքը, որ ժողովուրդներին պետք է նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Սակայն, ցավոք սրտի Ադբրբեջանի ղեկավարությունը վարվում է ճիշտ հակառակ կերպ: Բոլորս դիտարկում ենք իրավիճակի լարում՝ սկսած անցած տարվա ամառվանից: Բոլոր դեպքերում պետությունների և այս հարցով զբաղվող պաշտոնատար անձանց շրջանում կասկած չկա, որ էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է»: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքն էլ չի թաքցնում այդ փաստը, և ընդամենը վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ լարվածությունը շարունակվելու է: «Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի չի նստում այն սկզբունքների և տարրերի հետ, որոնք խնդրի լուծման համար առաջարկել են համանախագահները»,- նշել է Հայաստանի նախագահը և հավելել, որ եթե ելք չմնա, հայերը ստիպված են լինելու պաշտպանվել: «Եթե Ադրբեջանը դիմի հերթական արկածախնդրության, մենք չենք վախենա պատերազմելուց»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ռուս մեկնաբանի այն դիտարկումը, թե պատերազմը զգայուն է ու մեծ ողբերգության պատճառ, նախագահ Սարգսյանը չի ժխտել: «Իհարկե այն զգայուն է, շատ մեծ ողբերգություն է բերում: Ցանկացած ելքի դեպքում մենք նույնպես մեծ կորուստներ կունենանք»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հիշեցրել Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի ավանդի ու կորուստների մասին. «Ի՞նչ է՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մենք մեծ կորուստներ չենք ունեցե՞լ: Հայրենական մեծ պատրազմի սկզբին Հայաստանում ապրում էր ընդամենը 1մլն 900 հազար մարդ: Ամողջ ԽՍՀՄ-ում հայերի թիվը 2 մլն 800 հազար էր: Մենք 3 միլիոն էլ չէինք կազմում: Սակայն 600 հազար հայեր գնացին ռազմաճակատ: 314 հազարը չվերադարձան, զոհվեցին: Յուրաքանչյուր 9-րդ հայը զոհվեց: Դա մեր բնակչության համարյա 12 տոկոսն է»: Ի դեպ, Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին Մոսկվայում նախատեսված շքերթին կմասնակցի նաև ՀՀ Զինված ուժերի զորամիավորումը: