30-08-2016 17:36

ՀՀ-ն սիրով սպասում է Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին.ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում: Գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են բարձր մակարդակի միջպետական շփումները՝ Նախագահը նշել է, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին:
Դեսպան Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող սերտ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ և հավելել, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարել մի երկրում, որի դարավոր պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է:
Զրուցակիցներն ընդգծել են, որ ավանդական բարեկամության և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հիմքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու ամուր հիմք է:
Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Գիորգի Սագանելիձեն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ կան լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մշակույթը և այլն:
ՀՀ Նախագահը և Վրաստանի դեսպանը երկուստեք կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի սերտացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: