26-06-2014 08:55

Ո՞ւմ համար է ռիսկային Քոչարյանի վերադարձը.՛՛Ժամանակ՛՛

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին որոշ քաղաքական ուժերի արձագանքները հիշեցնում են սեւ հումորի ժանրից մի անեկդոտ, երբ հիվանդանոցում մահամերձ հիվանդին բժիշկը ցեխի վաննաներ է նշանակում: Հիվանդի հարցին` կօգնի՞, նա պատասխանում է՝ ոչ, պարզապես կամաց-կամաց հողին կվարժվես:

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարներն էլ, ըստ էության, կարող են սեւ հումորի շարքից լինել` հաշվի առնելով նրա նախագահության տարիները, այդ տարիներին Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքի աղճատման, Հայաստանում օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացությունների բազմաթիվ ոտնահարման՝ անօրինականությունների ինստիտուցիոնալացման իրողությունները: Եվ նրա հարցազրույցից հետո որոշ արձագանքներ, ըստ էության, կարծեք թե հիշեցնում են ժողովրդին այդ վերադարձին վարժեցնելու փորձեր:

Իրականում, սակայն, այստեղ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ: Եթե գնահատում ենք ստեղծված իրավիճակում սուբյեկտների ռիսկերը, ապա արձանագրում ենք, որ Քոչարյանի անվան շուրջ այդ ակտիվությունն ու նրան, այսպես ասած, կամաց-կամաց ռեաբիլիտացնելու ջանքերը ամենանվազ ռիսկայինն են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար: Սերժ Սարգսյանի համար այս գործընթացը ձեռնտու է այն իմաստով, որ նա Քոչարյանին կարող է դարձնել, այսպես ասած, մի ֆիգուր, որի վերադարձով անընդհատ կարող է շանտաժի ենթարկել հասարակությանը:

Միեւնույն ժամանակ էլ, Քոչարյանը դեմ չի լինի նման շանտաժի առարկա դառնալ, քանի որ դա նաեւ կարող է աշխատել լավագույն գովազդը հակագովազդն է տարբերակով։ Այսպիսով, ներքին իմաստով երկուսի համար էլ իրավիճակը ամենաքիչ ռիսկայինն է:

Ներքին տեսանկյունից իրավիճակը ռիսկային է ՀԱԿ-ի համար, որը ընդհանրապես կհայտնվի ԲՀԿ-ի «կույրաղիքի» դերում: Խնդիրն այն է, որ Քոչարյանի ռեաբիլիտացիան շատ դանդաղ է ընթանում է, եւ սա ՀԱԿ-ին մի կողմից հնարավորություն չի տալիս դժգոհություն եւ պահանջներ ներկայացնել ԲՀԿ-ին, մյուս կողմից էլ ըստ էության կարող է հետո կանգնեցնել փաստի առաջ, երբ արդեն շատ ուշ կլինի քննադատելու եւ խանգարելու փորձերը: Առավել եւս, որ ՀԱԿ-ում կարծեք թե նման ցանկություն գոնե վերին էշելոնի մակարդակում չկա, ինչի մասին է վկայում այն, որ ավելի ներքեւ կանգնած գործիչների քննադատական գնահատականները նրանց անպաշտպան են թողել քոչարյանական եւ ԲՀԿ-ական քարոզչամիջոցների դեմ: Սա էլ իր հերթին կարող է բերել ներքին երկպառակությունների ՀԱԿ-ում»: