14-06-2016 13:30

Այն, որ Սարգսյանն ու Ալիևը նստում են բանակցությունների սեղանին արդեն լավ է. քաղաքագետ

Այն փաստը, որ կողմերը կնստեն բանակցությունների սեղանին, արդեն լավ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

«Ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի լուրջ հաջողությունների հասնել հանդիպմանը, բայց սա փորձ է հարաբերությունները պահպանելու, որ մնա այն ֆորմատը, որ կա այդ միջազգային խնդիրը լուծելու համար»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ հոռետես է և չի կարծում, որ վերահսկողության մեխանիզմների տեղակայման պայմանավորվածությունը կիրագործվի:

«Ադրբեջանը կհակազդի դրան, ինչը շատ տրամաբանական է»,- ասաց նա:

Հարցին, թե սպասվող հանդիպման ֆոնին արդյո՞ք առավել նկատելի չի դառնում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում «սիրախաղը». երկուսն էլ հանդես են գալիս միմյանց սիրաշահող հայտարարություններով, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ես դա տեսնում եմ, և դա նոր բան չէ: Ռուսաստանն ունի իր օրակարգը: Ռուսաստանն Ադրբեջանի հետ զարգացրել, զարգացնում և զարգացնելու է իր հարաբերությունները, ինչպես Ղազախստանի, Բելառուսի և այլ երկրների դեպքում: Դա կապ ունի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ունի՛: Ռուսաստանը, Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալով, պետք է հաշվի առնի իր օրակարգը Հայաստանի հետ և հակառակը»:

Քաղաքագետը նշեց, որ ինքը տեսնում է, որ հենց հիմա տեղի են ունենում լուրջ փոխազդեցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ կապված սպառազինության և անվտանգության համալրման հետ. «Սա այդ գործընթացի մասն է, այդպես միշտ է լինելու»

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև հավելեց.«Ռուսաստանը միշտ էլ փորձելու է իր ազդեցությունը տարածել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա. որոշ դեպքերում այն ի օգուտ Հայաստանի կլինի, որոշ դեպքերում՝ հօգուտ Ադրբեջանի»: