06-10-2016 16:18

Տիգրան Մուկուչյանը վերընտրվել է ԿԸՀ–ի նախագահի պաշտոնում

ԱԺ պատգամավորները Տիգրան Մուկուչյանին վերընտրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Մուկուչյանի թեկնածությունն առաջադրվել էր սեպտեմբերի 26–ին կայացած ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ «Կողմ» է քվեարկել 96 պատգամավոր, «դեմ»` 4, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Մուկուչյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հայտարարեց , որ գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը։

«ԿԸՀ–ն միշտ բաց է օբյեկտիվ քննադատության համար, որը նպաստում է գործունեության արդյունավետության ավելացմանը։ Պատրաստ եմ ակտիվորեն համագործակցել քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», – ասաց Մուկուչյանը։

Նա խոստացավ, որ հանձնաժողովի գործունեությունը հիմնված կլինի օրինականության, արդարության և թափանցիկության վրա։

Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ , ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն` ԿԸՀ–ի նախագահին և անդամներին ընտրում է ՀՀ ԱԺ–ն։

«Հանձնաժողովում տեղի են ունեցել բովանդակալից քննարկումներ։ ԿԸՀ–ին սպասվում է բարդ և պատասխանատու աշխատանք։ Եվ դա է պատճառը, որ մենք որոշեցինք առաջադրել Մուկուչյանի թեկնածությունը», – ասաց Սահակյանը։

Մուկուչյանը զբաղեցնում է ԿԸՀ–ի նախագահի պաշտոնը 2011 թ.–ի սեպտեմբերի 19–ից։

ԿԸՀ–ի անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Արմեն Սմբատյանը, Սեյրան Շահսուվարյանը, Նունե Հովհաննիսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը։