18-06-2014 14:56

«ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալը կարող է ձգձգվել` մինչև դեկտեմբեր».Ս.Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու է հայ հասարակությունը խոսում Ադրբեջանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում: «Հայաստանը շուտով միանալու է Եվրասիական տնտեսական միությանը, մենք ամեն դեպքում ցանկանում ենք, որ մինչեւ հուլիսի մեկը կամ տասնհինգը, լինի այդ միանալը: Իսկ Ադրբեջանի անդամակցության մասին խոսելը չեմ հասկանում, որովհետև նման բան չկա»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց. «Հայաստանի միանալը կարող է ձգձգվել` մինչև դեկտեմբեր»: Ըստ Լևոն Մարտիրոսյանի՝ քաղաքական ոչինչ պետք չէ փնտրել, ընդամենը տեխնիկական հարցեր կան, և Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:
«Եվրասիական տնտեսական միություն Եվրամիության անհաջող կոպիան է, իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է, որ այդ միությանն անդամակցի նաեւ Ադրբեջանը: Այդ պատճառով էլ ամեն կերպ Պուտինը հաճոյանում է նրանց` զենքեր վաճառելով օրինակ»,- ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը: