13-02-2015 20:31

ԱԱԽ-ն քննարկել է ազգային անվտանգությանը սպառնացող երևույթները (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության եւ այլ հիմնարար սկզբունքների վրա, որոնք երբեք կասկածի տակ չեն առնվել: Ցավոք սրտի, իհարկե, եղել են ժամանակահատվածներ, երբ այս սկզբունքներն ավելի շատ կրում էին դեկլարատիվ բնույթ եւ իրականությանը չէին համապատասխանում: Միաժամանակ մշտապես գիտակցել ենք, որ կան արժեքներ, որոնք վեր են անձնական, խմբակային, կուսակցական եւ այլ շահերից: Դրանց շարքում կարեւորագույներից մեկը մեր երկրի ներքին անդորրի եւ համերաշխության ապահովումն է, որը ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո էլ ավելի արժեքավոր է դառնում: Այս արժեքի պահպանումն ինքնին ենթադրում է նաեւ քաղաքական պայքարի առկայություն եւ տարաբնույթ շահերի արտահայտման ու պաշտպանության համար ժողովրդավարական հասարակությունում ճանաչված այլ միջոցների կիրառում: Սակայն վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու եւ դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գնահատականները եւ դրանց առթիվ կատարված վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն: Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները եւ դրանց հետ առնչվող երեւույթները քննարկել նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից: Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության եւ պետության կենսականորեն կարեւոր շահերը, ձեւավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները: Ասվածը բնավ չի նշանակում, որ հասարակության բնականոն գործունեության համար կարեւոր մի շարք հարցերի կապակցությամբ պետությունը չի ունեցել որոշակի վերաբերմունք կամ նոր դիրքորոշումներ է ձեւավորում: Մասնավորապես, պետությունը երբեք չի խրախուսել բռնությունների միտված երկիմաստ քարոզչությունը, լավ թե վատ, թեեւ դա այս պահի խնդիր չէ, փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը, ինչ որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու երեւույթին, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության համար տեխնիկական եւ կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածմանը: Իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասն է: Սակայն երբ նման բացասական երեւույթները միավորվում եւ ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե ինչպիսին, կքննարկենք այսօր»: ԱԱԽ նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեւավորվել է ընդհանուր մոտեցում երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթները գնահատելու եւ դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: ԱԱԽ անդամները միակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի չեզոքացման միջոցները պետք է համապատասխանեն օրինականության եւ արդարության չափանիշներին: