Բավ է պառակտվել
08-11-2017 13:47

ԵԽ-ի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ալան Միլնին և Ջուզեպպե Գալատիին, այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին, նախագահը ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքներով վերջին տարիներին մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայության գծով զգալի առաջընթաց է գրանցվել, բխում է Հայաստանի շահերից:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ևս իր դրական նպաստն է ունեցել համաեվրոպական այդ կարևոր կառույցի զարգացման ու ամրապնդման հարցում՝ մշտապես հավատարիմ մնալով ԵԽ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրականացմանը:
Սարգսյանի համոզմամբ, ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումները միշտ անցնում են բաց և կառուցողական մթնոլորտում, ինչն էլ թույլ է տալիս աշխատանքները տանել ճիշտ ուղղությամբ և դրական արդյունքներ արձանագրել:
Նախագահն ընդգծել է, որ համազեկուցողների այցելությունը համընկել է Հայաստանում իրականացվող աննախադեպ համակարգային բարեփոխումների կարևոր շրջափուլի հետ, որն աննախադեպ է և՛ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության աճի, և ՛ ընտրություններին հաջորդած հասարակական կոնսենսուսի ձևավորման տեսանկյունից, ինչն էլ արժանացել է միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում նաև ԵԽԽՎ պատվիրակության դրական գնահատականին:
Երկրի ղեկավարը կրկին անգամ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգռված է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Հաշվի առնելով, որ համազեկուցողի պաշտոնում սա Ալան Միլնի վերջին այցն է Հայաստան, Սարգսյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը:
Համազեկուցողները բավարարությամբ են արձանագրել այն փոփոխությունները, որ նկատել են Հայաստան կատարած իրենց հերթական այցի ընթացքում: Նրանք ողջունել են սիրիահայ փախստականներին իրենց նախնիների պատմական հայրենիքում՝ Հայաստանում ընդունելու և զգալի աջակցություն ցուցաբերելու փաստը, նշելով, որ դա լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև աշխարհի այլ պետությունների և ժողովուրդների համար:
Համազեկուցողները շնորհավորել են նախագահին երկրում նկատելի առաջընթացի կապակցությամբ և նշել, որ ԵԽ-ի կողմից գնահատելի է եղել պետական կառավարման կիսանախագահական համակարգից ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգին անցնելու Հայաստանի քայլը, ինչպես նաև այն հետևողականությունը, որ երկիրը ցուցաբերում է սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Միլնը և Գալատին հույս են հայտնել, որ Հայաստանում այսուհետ էլ կգործադրվել լավագույն ջանքերը՝ ամրապնդելու ժողովրդավարությունը և երկրի դիրքերն աշխարհում:
Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: