09-05-2016 16:56

ՌԴ-ն ՀՀ-ին առավել բարենպաստ պայմաններով է զենք վաճառում.Շարմազանով

Ռուսաստանը Հայաստանին առավել բարենպաստ պայմաններով է զենք առաջարկում, լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումների ժամանակ:
Անդրադառնալով հարցին, որ «Հայաստանը մշտապես հորդորում է Ռուսաստանին զենք չվաճառել Ադրբեջանին, սակայն առաջընթաց չկա այդ հարցում, արդյոք, Հայաստանը Ռուսաստանին սթափեցնելու համար կփորձի զենքի այլ մատակարար գտնել»`Էդուարդ Շարմազանովը նշեց. «Այն պայմաններով, որ Ռուսաստանն է մեզ զենք մատակարարել, որևէ պետություն չի արել: Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, պետք է էլ ավելի զարգացնել դրանք: Այստեղ պետք չէ պրոբլեմներ փնտրել, նրանք իրենց շահերն ունեն, մենք մեր շահերը»:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմի Շարմազանովը նշել է, որ հայ ժողովուրդը վաստակել է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը իրենը համարելու պատիվը:
«Դա մեր հաղթանակն է, մեր ժողովրդի հաղթանակն է: 314 հազար զոհ ենք տվել, 106 հերոս, 5 մարշալ, հարյուրից ավելի գեներալ: Շուշին էլ ազատագրեցին այն տղաները, ում հայրերը ազատագրել էին Բեռլինն ու Եվրոպան ֆաշիզմից:
Երևանում առաջին անգամ անցկացվող «Անմահ գունդ «հասարակական ակցիային էլ ԱԺ փոխխոսնակի ընտանիքը կմասնակցեր մեծ սիրով, եթե նախապես տեղեկացած լիներ: «Ամեն լավ բան միշտ էլ սկսվում է առաջին քայլից, այս միջոցառման անցկացումը պետք է դրական գնահատել: Որ շուտ իմանայի, իմ ընտանքն էլ կմասնակցեր, որովհետև իմ պապիկն էլ է մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին: Ես ինքս Հայրենական մեծ պատերազﬕ զինվորի թոռ եմ», - հավելեց պատգամավորը:
Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: