13-04-2016 14:50

Շարմազանով. ՀԱՊԿ–ի այլընտրանքը Թուրքիան է

Շարմազանովի կարծիքով` հայերը միշտ ստիպված են լինելու պաշտպանել սեփական տարածքները, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ ունեն

 Հարավային Կովկասում երկու ուժ կա, ՀԱՊԿ-ից հրաժարվելով` Հայաստանը կմնա Թուրքիայի հետ մեն-մենակ, ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա կարծում է, որ հայերը միշտ ստիպված են լինելու պաշտպանել սեփական տարածքները, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ ունի, որոնք չեն հրաժարվել իրենց պանթուրքիզմի քաղաքականությունից։

Թուրքիայի գործոնը Ղարաբաղյան հակամարտության մեջ

Շարմազանովի կարծիքով` Թուրքիան հակամարտության հենց սկզբից օժանդակում է Ադրբեջանին և՛ ռազմական, և՛ քաղաքական բնագավառներում։

«Թուրքիան միակ երկիրն է, որն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները։ Բանը հասավ նրան, որ նրանք ցանկանում են կրոնական երանգ տալ հակամարտությանը», — ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ հայերը լավ հարաբերություններ ունեն արաբական աշխարհի և մի շարք մահմեդական երկրների հետ, այդ թվում` մոտակա հարևան Իրանի հետ։ Իսկ Թուրքիան և Ադրբեջանը միայն պանթուրքիզմի քաղաքականություն են վարում` քողարկվելով մուսուլմանական համերաշխությամբ։

Շարմազանովը նշեց, որ նման հայտարարություններ անելը վտանգավոր է, և Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ արեց այս հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա։

Բացի այդ տարածաշրջանում Թուրքիայի դերի մասին խոսելով` փոխխոսնակը նշեց, որ 100 տարի առաջ հայերը սխալ թույլ տվեցին` կային քաղաքական գործիչներ, ովքեր ասում էին, որ «Թուրքիան պաշտպանում է կովկասի ժողովրդին Ռուսաստանից»։

«Մենք տեսանք, թե ինչպես նրանք ցեղասպանություն իրականացրեցին` հասնելով մինչև Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի)։ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել, իրենց իշխանությունները բարձր մակարդակով աջակցում են Ադրբեջանի վայրագություններին», — ասաց Շարմազանովը։

Մեր հովանավորները` Աստված և միասնություն

Շարմազանովն անդրադարձավ նաև երկրի բնակչության շրջանում հակառուսական տրամադրությունների աճի հարցին` Դմիտրի Մեդվեդևի և Դմիտրի Ռոգոզինի հայտարարություններից հետո։

«Բնակչության կողմից հասկանալի են զգացմունքային գնահատականները, մենք զոհեր ունենք։ Սակայն անհրաժեշտ է առանց էմոցիաների մեր օրակարգը ներկայացնել դաշնակիցներին։ Մենք պետք է հասկանանք, որ բարի քեռիներ աշխարհում չեն լինում, մեր հովանավորներն են միայն Աստվածն ու միասնականությունը», — ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` Հայաստանն առաջնորդվում է իր շահերով, նույնն են անում նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն և մյուս երկրները։ Անհրաժեշտ է զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերանայել Ռուսաստանի և ԵՏՄ երկրների հետ հարաբերությունները։

 ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալը սխալ որոշում է, սակայն անհրաժեշտ է վերանայել Հայաստանի հարաբերությունները դրանց անդամների հետ։ Փոխխոսնակը կարծում է, որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը միայն Թուրքիան է։

«Տարածաշրջանում երկու ուժեղ բանակ գոյություն ունի` թուրքականը և ռուսականը, իսկ մենք տեսանք, թե ինչ էր այստեղ կատարվում, երբ թուրքական բանակը մենակ էր մնում», — ասաց Շարմազանովը։
Նրա կարծիքով` չի կարելի կտրուկ քայլերի դիմել, դա հայերի շահերից չի բխում։ Հայաստանն անդամակցել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա բխում էր նրա շահերից։ Սակայն Կազմակերպության դաշնակիցները պետք է իրականացնեն իրենց պարտականությունները։
Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը
Փոխխոսնակը կարծում է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը փայլուն պետական մտածողության դրսևորում էր։
«Պետության և ժողովրդի համար վճռորոշ այս պահին առաջին նախագահն իրեն դրսևորեց որպես պետական մտածողություն ունեցող գործիչ։ Աստված տա` երկրորդ նախագահն էլ միանա նրանց, քանի որ մեր օրակարգի հիմքում ընկած է բացարձակ միասնության ստեղծումը», — ասաց Շարմազանովը։
Հիմա, նրա խոսքով, «իրար վրա քարեր նետելու» ժամանակը չէ, այլ համախմբվելու ժամանակն է։
Նա ասաց, որ անկախ ամեն ինչից` բոլորը պետք է լավ վերլուծեն, թե մինչ այժմ ինչն այնպես չէր արվում, սակայն առանց ավելորդ զգացմունքայնության։
Այս շրջանակում, նրա խոսքով, պետք է վերանայել երկրի նպատակային ծախսերը, քննարկել բյուջեն։ Շատ դեպքերում պետք է հրաժարվել շռայլությունից և ուղղել ազատ գումարները բանակ, սահմանամերձ տարածքներ։
Եվրոպացի պատգամավորները կողմ են Ղարաբաղի ժողովրդի ազատ ընտրությանը
«Ադրբեջանական ագրեսիան հերոսաբար կանգնեցվեց հայ զինվորների կողմից։ Ղարաբաղի ժողովրդի դեմ դրսևորված ագրեսիան տապալվեց», — ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` Հայաստան եվրոպացի պատգամավորների ժամանումը կապված է հայերի նպատակի հետ` ԼՂՀ-ն ճանաչել բանակցային գործընթացի միջոցով։ Նա ընդգծեց, որ Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի։
Այս համատեքստում Շարմազանովն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները Երևանում նշեցին, որ բանակցություններում առանցքային է կարգավիճակի հարցը։ Բացի այդ նա կարծում է, որ վաղ թե ուշ ղարաբաղյան կողմը կդառնա բանակցային գործընթացի կողմ։

Հայաստանն իր հերթին պետք է ապահովի Ղարաբաղի անվտանգությունը, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական։
Շարմազանովը հայտնեց, որ Եվրոխորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները։ Նրանք հայտարարեցին, որ «ղարաբաղյան ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ»։
Փոխխոսնակի խոսքով` նրանք ընդունեցին, որ Ադրբեջանի հարձակումն ագրեսիայի դրսևորում էր խաղաղ բնակչության դեմ։ Պատգամավորները համոզված են նաև, որ հենց ղարաբաղցիները պետք է որոշեն սեփական ճակատագիրը։
Եվրոպացի պատգամավորները համեմատել են Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հետ` նշելով, որ դա նույնն է։