07-02-2014 15:27

Շանթ Հարությունյանի կինը պնդում է, որ իր ընտանիքին սպառնում են

 Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կինոջը՝ Ռուզաննա Բադալյանին, նոյեմբերի 5-ին ամուսնու ձերբակալությունից հետո, երբ նրան այցելել են, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն և նրան ուղեկցողները, սպառնացել են բռնություն կիրառել իր անչափահաս երեխայի նկատմամբ, վերջինս նման հայտարարություն արեց այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում: ՙԱյդ մասին ինձ ասել է ոչ միայն Շանթին այցելած իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այլ նաև հենց Շանթը: Այդ մասին Շանթը կասի դատարանում, հիմա դրա մասին ինքը չի խոսում»,- ասաց նա: Տիկ. Բադալյանը հիշեցրեց, որ դեռևս հունվարի 10-ին իր տղային՝ Շահեն Հարությունյանին, Ոստիկանությունը հաշվառել է նոյեմբերի 5-ի դեպքերի առիթով: Ռուզաննա Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հաշվառողները հենց այն ոստիկաններն են, որոնք երեկ ձերբակալվել են, քանի որ մեղադրվում են կաշառակերության մեջ:
Շանթ Հարությունյանի կինն օրեր առաջ 139 դպրոցում իր տղայի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ իր որդու և ռազմագիտության ուսուցչի միջև սկսված վիճաբանությունը ծեծկռտուքով էր ավարտվել, ասաց. «Երեխայիս անընդհատ մի մեքենա էր հետապնդում, որը դադարեցվեց միայն այն բանից հետո, երբ մամուլում դրա մասին հրապարակումներ եղան, փողոցում թռուցիկներ բաժանելիս կրկին Ոստիկանության հետ խնդիրներ էին առաջացել: Ես չգիտեմ, թե ինչու է երկու օր շարունակ այդ ուսուցիչը հրահրել տղայիս, բայց կարծում եմ, որ այս ամբողջը կապ ունի իր հոր հետ»: