22-09-2016 14:30

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնելու մասին օրենքը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին «Հավասարություն ու քաղաքացիականություն» օրինագիծը արդեն մի քանի օրից քվեարկության կդրվի Ֆրանսիայի Սենատում: Այս մասինայսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասը:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը այս հարցով քվեարկությունը այս տարվա հուլիսին է անցկացրել: «Ձեւավորվել է հատուկ հանձնաժողով, օրինագծում փոփոխություններ ու լրացումներ են արվել: Նրանք, ովքեր հիմա հակառակ տեսակետներ են ներկայացնում, ավելի շատ իրավունքի տեսակետից են խոսում, այլ ոչ թե քաղաքականության: Դրանք այն նույն պատճառներն ու մեկնաբանություններն են, որոնք ներկայացված են եղել 2002-ի հունվարին՝ քննարկումների ու քվեարկության ընթացքում»,- ասել է Կարվունասը:

Ալֆորվիլի քաղաքապետի խոսքով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր մանդատի շրջանակում արդեն երկու անգամ այցելել է Հայաստան ու խոստացել, որ այս օրինագիծը կընդունվի, չնայած այն փաստին, որ հատուկ հանձնաժողովը վերանայել է այն կետերը, որոնցով արդեն քվեարկություն անցկացվել է: «Ես՝ որպես Սենատի ներկայացուցիչ, ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մենք կողմ ենք քվեարկելու օրինագծին, քանի որ մենք Հայաստանի հետ բազմամյա բարեկամական հարաբերություններ ունենք: 2001-ին մենք կողմ ենք քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ու մենք չենք կարող պատկերացնել, որ հետ կկանգնենք այդ ճանապարհից»,- ամփոփել է Լյուկ Կարվունասը

«Հավասարություն ու քաղաքացիականություն» օրինագծում արվող փոփոխությունները նախատեսում են մինչեւ մեկ տարի ազատազրկման ու 45 հազար եվրոյի չափով տուգանքի ձեւով պատիժ «մարդկության դեմ զանազան հանցագործություննննեն ու ռազմական հանցագորությունները ժխտելու կամ դրանց նշանակությունը նվազեցնելու փորձի»՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Ֆրանսիան 2001-ի հունվարին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: