29-07-2016 16:28

Արայիկ Խանդոյանը վիրավոր է

Ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը), հաղորդում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Թե ինչ վնասվածք է ստացել՝ Ավետիսյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ «եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության»։

«Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք:Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է, թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց», – նշում է Ավետիսյանը։

Նա չմանրամասնեց, արդյո՞ք այնտեղ գտնվող բժիշկները կարող են օգնել Խանդոյանին, թե ոչ՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա:

«Մենք կարելի է ասել մեր առաքելությունը կատարել ենք, ժողովուրդը ոտքի է կանգնել, հիմա ցույցեր, միտինգներ, անհնազանդության գործողություններ են կատարվում, մենք ռադիոյով տեղեկանում ենք:Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Մենք գործողություն ենք իրականացնում` միայն մեր անվտանգությունը պահպանելու համար», – ընդգծել է Ավետիսյանը։

«Մենք բավարար ուժեր ունենք, որ իրենց լուրջ հարված հասցնենք, բայց մենք դա չենք ուզում: Իրենք գիտեն, որ մենք ահաբեկիչ չենք, բայց մեզ հետ վարվում են ահաբեկչի նման: Մենք սպասում ենք մեր ժողովրդի շարժմանը: Մեր օրակարգը լեգիտիմ է, սպասում ենք քաղաքկան գործընթացների, հորդորում ենք իշխանությանը մեզ հատ-հատ մաշեցնելու քաղաքականություն չցուցաբերել, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության»,-եզրափակել է Ավետիսյանը: