Բավ է պառակտվել
27-03-2017 11:00

Հարկ եղած դեպքում «աչքս էլ չեմ թարթի»՝«Իսկանդերի»համազարկի հրաման կարձակեմ - Ս․ Սարգսյան (Տեսանյութ)


Զինված ուժերի Գերագույն հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում աչքն էլ չի թարթի, կհրամայի կրակ բացել «Իսկանդեր»-ից:
« Եվ դա շատ լավ գիտեն հարևան երկրում»,- նախօրեին, Արցախում, մարտական հերթապահության ժամանակ աչքի ընկած զինծառայողներին բարձր պետական պարգևներ շնորհելու արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահը:
« Նախորդ տարվա ապրիլին մենք բոլոր ուղղություններով հետ շպրտեցինք միջազգային պարտավորությունները խախտած հակառակորդին: Մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել»,- ընդգծել է Սարգսյանը։
Նրա խոսքերով այսօր հայ զինծառայողները հետևում են հակառակորդի տեղաշարժին արդեն նրա տարածքի խորքում։ «Այսօր պատերազմ տենչացող հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված»,- հայտարարել է նա։

 
Սարգսյանն ընդգծել է, որ անցած ապրիլին հերոսական հայ տղաներ զոհվեցին.« Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես` գերագույն գլխավոր հրամանատար եմ, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցուցաբերել։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը և առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել»,- ասել է նախագահը։
Նրա խոսքերով հայ ժողովուրդը պետք է անվտանգության ուժեղ ձեռք ունենա. «Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կարող է կործանել մի ողջ ժողովրդի։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք»,- ընդգծել է Սարգսյանը։