Բավ է պառակտվել
07-06-2017 19:20

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին ՝ Թեհրանում Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ»,- ասված է նախագահի հաղորդագրության մեջ:
Ընդգծելով Հայաստանի հարևան և բարեկամական երկրում անվտանգության ու կայունության կարևորությունը, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու համար։
«Այս դժվարին պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է ցավակցական հեռագրում, որի տեքստը հրապարակված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:
Նշենք, որ հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել երկու ահաբեկչական հարձակում: Ինքնաձիգներով զինված մարդկանց խումբը ներխուժել էր խորհրդարանի շենք, և անկանոն կրակ բացել այդտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Դրանից կարճ ժամանակ անց մի քանի ահաբեկիչ հարձակում են գործել Այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա, որը գտնվում է խորհրդարանի շենքից մոտ 20 կմ հեռավորության վրա: Ահաբեկիչները զինված են եղել ինքնաձիգերով, նրանցից մեկը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ սարքը:
Երկու հարձակման պատասխանատվությունն էլ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: