24-02-2014 13:17

«Ընդդիմությունն օգտագործում է յուրաքանչյուր ներքաղաքական զարգացում, քաղաքական ներկայությունն ապահովելու համար». քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Ոչ կառավարական ընդդիմությունն ինչ-որ ձևով քաղաքական գործընթաց սկսելու համար կարող է օգտագործել տարբեր խնդիրների շուրջ քաղաքացիական հասարակության բարձրացրած դժգոհությունները»: Վերջինիս խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ունենք իրավիճակ, որ Հանրապետական կուսակցությունը միաձայն կարող է լուծել կամ տապալել ցանկացած լուրջ գործընթաց: «Հետևաբար, ոչ կառավարական ընդդիմության համար միայն իր քաղաքական ներկայությունն ապահովելու, գործընթացներում երևալու համար մեկ ճանապարհ կա՝ օգտագործել յուրաքանչյուր ներքաղաքական զարգացում»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
«Որևէ այլ ձևով իշխանական կառույցների վրա ընդդիմադիր ուժերը չեն կարող ազդել»,- ընդգծեց փորձագետը:
Զուգահեռաբար Մինասյանի համոզմամբ՝ այս ամենի արդյունքում կա մի ճանապարհ, որը կարող է լինել դրական, նաև վտանգավոր, երբ ժողովրդի իրական դժգոհությունն ավելի էֆեկտիվ արտահայտում են ոչ թե ավանդական ընդդիմադիր ուժերը, այլ քաղաքական ակտվիստները:
«Վտանգ կա, որ այս ամենը կարող է բերել նրան, որ վերադարձ լինի այսպես կոչված փողոցային քաղաքականության իր բոլոր բացասական հետևանքներով»,- եզրափակեց քաղաքագետը: