08-07-2014 16:50

Ռուսաստանը չի՞ պատրաստվում Ադրբեջանին սանձել

Ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ որ այն հնչում է, չի նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն, այլ ընդհակառակը, բարդացնում է լուծումը: Դա համանախագահ երկների ընդհանուր դիրքորոշումն է: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը` պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, Հանրային հեռուստաընկերությունը մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ին ուղղված հարցման մեջ նշել է, որ վերջին ժամանակներում ադրբեջանական կողմից հակահայկական հռետորաբանությունը բավական սրվել է, և Իլհամ Ալիևը հաճախ է հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ հայտնել: Ավելին, նույն հարցման մեջ նշվել է, որ հաճախ է վերջին ժամանակներում խախտվում հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագիրը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը չի՞ պատրաստվում սանձել Ադրբեջանին` տարածաշրջանում հնարավոր էսկալացիաներից խուսափելու համար»,-Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է Հ1-ը:

«Հիշեցնում ենք, որ անցյալ տարի Լոխ-Էրնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների արված Համատեղ հայտարարությունում կոչ է արվում կողմերի ղեկավարներին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածությունն
ուժգնացնել և հանգեցնել հակամարտության սրմանը:

Ենթադրում ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Այս կապակցությամբ հույս ենք լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կշարունակվի ուղղակի երկխոսությունը, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում», -ասված է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայության պատասխանում: