02-07-2015 12:58

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, հիմա մեզ վարկ է տրամադրում.Զ. Փոստանջյան

Ռուսաստանը այդպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա մեզ վարկ է տրամադրում, որի միջոցով, փաստորեն, մենք մեր արտաքին պարտքն ավելացնում ենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ԱԺ-ում Ռուսաստանից պաշտպանական նպատակներով 200 մլն դոլարի ապրանքային վարկ ներգրավելու պայմանագրի քննարկման ժամանակ: Փոստանջյանը դիմելով պայմանագիրը ներկայացնող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ասաց. «ՌԴ-ն այդպիսի զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա մեզ վարկ է տրամադրում, որի միջոցով, փաստորեն, մենք մեր արտաքին պարտքն ավելացնում ենք եւ փորձելու ենք Ադրբեջանի հետ հավասարակշռությունը պահպանել. սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերային հարաբերություններ են, թե մեր թշնամուն Ռուսաստանն անընդհատ զինում է, հետո մեզ ստիպում է, որ պարտք վերցնենք ու իրենից այս տիպի զինատեսակ գնենք: Սա ռազմավարական գործընկերություն չէ: Երեւի այստեղ ա՞յլ հարաբերություններ են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ։ Դուք գնացել վարկ եք բերել, որը բացարձակ խրախուսելի չէ: Հակառակը, սա նշանակում է դուք գնացել եք, ձեզ նորից ստորացրել են, հիմա եկել մեզ մի փաստաթուղթ եք հրամցնում, որն ուղղակի ստորացուցիչ պայմաններում ՀՀ-ին դնում է ահավոր վատ վիճակի մեջ: Երբ են այս հարաբերությունները վերանայվելու: Երբ եք ոչ թե ստորադասի, այլ Հայաստանի անունից՝ հայտ ներկայացնելու եւ հաշիվները ճշտելու ՌԴ-ի հետ»: Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Դուք վիրավորում եք, հետո ուզում եք հարցի պատասխանենք: Անհասկանալի է ձեր դիրքորոշումը: Ես չգիտեմ, դուք որքան ռեալ եք պատկերացնում ուժերի հարաբերակցությունը, հնարավոր սպառնալիքները: Եթե ուսումնասիրեիք, նման հարցով չէիք դիմի»: Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Իհարկե, ես լավ եմ պատկերացնում այն ինչ տեղի է ունենում ՀՀ-ում: Փաստորեն Կառավարությունը իր սխալ քաղաքականության հետեւանքով ամբողջ պաշտպանական եւ կարեւոր նշանակության ձեռնարկությունները զիջել է ՌԴ-ին: Հիմա էլ գնացել վարկ եք վերցնում եւ ուզում եք ասել, որ պաշտպանությունից ելնելո՞վ եք այս վարկը վերցնում: Մի կողմից Ռուսաստանը զենքը վաճառում է Ադրբեջանին, որի մասին լռում եք, մյուս կողմից ստիպված ենք այդ զենքը գնել վարկային միջոցների շնորհիվ, որն ավելացնելու է մեր արտաքին պարտքը»: