15-05-2014 14:56

Քաղաքագետը Ջ. Ուորլիքին՝ Ձեր ելույթը խիզախ և հաստատակամ քայլ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նրա ելույթի հետ, քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել: News.gisher.ru-ն ներկայացնում է հաղորդագությունն ամբողջությամբ.
Հարգելի պարոն Դեսպան,
Ձեր ելույթը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում՝ խիզախ և հաստատակամ քայլ է, որն արժանի է հարգանքի:
Ներկայիս ստատուս-քվոյի պահպանման գինը զինադադարի գծում՝ զինվորական ծառայություն տանող 18-20 տարեկան երիտասարդների ընդհատված կյանքերն են: Ցավոք, հակամարտության գոտում ամենամյա մարդկային զոհերը որևէ մեկի համար արդար կարգավորման մասին համաձայնության հասնելու խթանիչ չեն հանդիսանում: Այդ իրավիճակը վնասել է Մինսկի Խմբի հեղինակությանը հանրության աչքերում Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Մենք կարող ենք փոխել այդ դրությունը, եթե Մինսկի խմբի համանախագահները իրենց մեջ կամք գտնեն բացատրել մարդկանց, թե ինչով են հիմնավորված հակամարտության կարգավորման վեցը տարրերը, որոնք Դուք առաջարկում եք մեզ ընդունել որպես հիմք՝ խաղաղության համաձայնագրի համար:
Ձեր ելույթով առաջացրած բանավեճը ցույց է տալիս, որ մեծամասնությանը հասկանալի չէ, թե ինչու Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը սահմանափակված է նախկին խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմաններով:
Նաև շատերին հասկանալի չէ, թե ինչու Բաքվից, Կիրովաբադից և Ադրբեջանի այլ քաղաքներից առնվազն 350 հազար հայ փախստականները չունեն ազատ իրավունք բնակվել նախկին ԼՂԻՄ-ին հարող շրջաններում: Անհասկանալի է նաև պատճառը, որով Դուք ճանաչում եք Լեռնային Ղարաբաղի համար կենսականորեն կարևոր Հայաստանի հետ կապի առկայությունը, բայց անհրաժեշտ չեք համարում Իրանի հետ ընդհանուր սահման ունենալը:
Այս հարցերը արդեն 20 տարի է չեն գտնում իրենց պատասխանները:
Այդ պատճառով է, որ շատերը ոչ բավարար կերպով հիմնավորված են համարում 1993 թ. սեփական բնակչության կողմից լքված տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու Ձեր առաջարկը:
Մարդիկ չեն հասկանում, թե ինչու Ադրբեջանը պիտի պարգևատրվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևների խախտման համար՝ երբ այն փորձեց ուժով հետ վերցնել այն տարածքները, որոնք խաղաղ ճանապարհով վերադարձնելուց փաստորեն հրաժարվեց:Կարծում եմ, որ ՄԽ համանախագահների մոտակա այցը տարածաշրջան լավ հնարավորություն է հանրության հետ Ձեր կողմից սկսված ազնիվ և բաց երկխոսությունը շարունակելու համար, որպեսզի բացահայտվեն մեզ առաջարկվող հակամարտության կարգավորման վեց տարրերի հիմքում ընկած փաստարկները»: