09-08-2016 15:05

Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են վերականգնել երկխոսությունը.Պուտին

Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են երկխոսությունը վերականգնել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ:

Նա նշել է, որ նախորդ տարիներին երկրների միջեւ հարաբերությունների մակարդակն ու բնույթը հասել էր աննախադեպ բարձր մակարդակի եւ որակի: Սակայն ռուսական կործանիչի հայտնի ողբերգական պատահարից հետո, որի հետեւանքով ռուս զինծառայողներ են զոհվել, հարաբերությունները իջել են շատ ցածր մակարդակի, վատթարացել են:

«Այդուհանդերձ, Ձեր ներկայիս այցը, չնայած Թուրքիայի ներքին քաղաքական շատ բարդ իրավիճակին, վկայում է, որ մենք բոլորս ցանկանում ենք մեր երկխոսության վերսկսում, հարաբերությունների վերականգնում՝ հանուն Թուրքիայի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերի»,- դիմելով Էրդողանին՝ ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջիններից մեկն էր, որ զանգահարել է Էրդողանին եւ սատարման խոսքեր ասել ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար՝ կապված պետական հեղաշրջման փորձի հետ:

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել, որ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք մշտապես խիստ ենք արտահայտվում հակասահմանադրական գործողությունների ցանկացած փորձի դեմ: Այդ կապակցությամբ ցանկանում եմ հույս հայտնել, որ Ձեր ղեկավարությամբ թուրք ժողովուրդը կհաղթահարի այդ խնդիրը, եւ կվերականգնվի կարգը, սահմանադրական օրինականությունը»,- եզրափակել է նա: