19-02-2015 08:47

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վիկտորիա Նյուլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Նյուլանդի այցը Երևան, նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այսպիսի այցերը լավ հնարավորություն են` քննարկելու ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցեր և համատեղ լուծումներ փնտրելու առկա խնդիրներին: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, ում հետ օրերս է հանդիպել, նույնպիսի ակտիվությամբ կշարունակի իր նախորդի՝ Ջոն Հեֆերնի գործը՝ մեծ ավանդ ունենալով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգների կառավարությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ է խոսել Հայաստան այցի շրջանակներում մինչ այս պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների մասին: Նա ընդգծել է, թե Միացյալ Նահանգները պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները: Տիկին Նյուլանդը նշել է, որ իր երկիրը խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում և ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հավաքական ջանքերին, մասնավորապես՝ Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ գործողություններին շահագրգիռ մասնակցության համար:Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առկա մտահոգությունների վերաբերյալ, քննարկել բանակցություններն ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության արդյունավետորեն շարունակելու հնարավորությունները:Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրներին, մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում և արտերկրում նախատեսված միջոցառումներին: