20-02-2015 17:09

Սերժ Սարգսյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Պատասխանի մեջ մասնավորապես ասված է.

«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների եւ համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլեւ որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ: Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների եւ նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչեւ ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ եւ իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ: Եթե դեռեւս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միեւնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից եւ պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները եւս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրեւ նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենեւին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք եւ ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»: