12-06-2017 14:06

Սարգսյանը մասնակցել է Երևանի քաղաքապետի երդմնակալությանը և խոսել քաղաքում առկա խնդիրներից

 

Երկուշաբթի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, նախագահը շնորհավորել է Երևանի ավագանու նորընտիր անդամներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Սարգսյանը նրանց արդյունավետ աշխատանք է մաղթել՝ հանուն տասներկուերորդ հայկական մայրաքաղաքի ծաղկման և Հայաստանի զարգացման, ինչպես նաև հիշատակել է մայրաքաղաքում առկա խնդիրները:
«Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում:Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար»,- ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ Երևանի ավագանու ընտրություններով ամփոփվել է 2017 թվականի ընտրական շրջանը, և կարևորել այն, որ արդեն իսկ ձևավորվել է իշխանություն, որն արտահայտում է ժողովրդի կամքը: Նախագհի խոսքերով « ընտրական կրքերը հանդարտեցնելու և դրանք անցյալում թողնելու համար խոսքերից գործին անցնելու ժամանակն է»:
«2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ այդ հոբելյանը կազմակերպելու և պատվով իրականացնելու պատասխանատվությունն ընկած է, առաջին հերթին, նորընտիր քաղաքային իշխանությունների ուսերին:
«Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ: Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի»,- ասել է Սարգսյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջության զարգացումը հայկական տնտեսության առաջնահերթություններից մեկն է, հետևաբար, քաղաքը պետք է ժամանակակից եվրոպական տեսք ունենա՝ համալրված լուսավորության արդիական համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով:
«Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով «աչք ծակող» մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Երևանը բախվում է նաև մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծում գտնել: Դրանց թվում նախագահը հիշատակել է տրանսպորտի հարցը, ընդգծելով, որ քաղաքը զարգանում է, փողոցներում անընդհատ աճում է ավտոմեքենաների քանակը, օրվա որոշ ժամերին խցանումներն արդեն սովորական երևույթ են դարձել, իսկ Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ որոշ անհարմարություններ:
«Որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքում առկա ևս մեկ խնդրի՝ աղբահանության և թափոնների վերամշակման վրա: Նա ընդգծել է, որ տվյալ ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել, մայրաքաղաքին հարիր համակարգ է ստեղծվել, ինչը ևս հանդիսանում է պետական և մասնավոր հատվածի հաջող համագործակցության օրինակ:
«Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում և ուսուցում՝ դպրոցներում»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը տվյալ նպատակներն անիրագործելի չի համարում, ընդգծելով, որ, այն, ինչը գոյություն ունի այսօր, տասը տարի առաջ կարող էր անիրական թվալ: Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ ծագող խնդիրները հնարավոր է լուծել:
«Նորովի պետք է քննենք և լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը: Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին և, ընդհանրապես, ամբողջ շենքին»,- ասել է նախագահը:
Նրա խոսքերով, նման դրական օրինակներ կան, և այդ մշակույթը պետք է տարածվի՝ արմատախիլ անելով հին, բացասական ավանդույթները:
Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Նա հրատապ անհրաժեշտություն է համարել վերելակների ճնշող մեծամասնությունը նորերով փոխարինելը:
«Տարո՛ն ջան: Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»: