15-06-2016 13:09

Նախագահն այցելել է Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանը մեծապես կարեւորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Ձեւավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առեւտրի եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի եւ կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության զարգացման գործում Ձեր եւ արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար: Վստահ եմ, որ Ձերդ Մեծությունը նույն հետեւողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,-ասված է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ Նախագահի ուղերձում:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի եւ բարեկամական կապերի վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան՝ ի շահ երկու ժողովուրդների:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին, մաղթել Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին բարօրություն եւ հետագա բարգավաճում: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Թագավորության բնակչության համար այս տոնը յուրահատուկ խորհուրդ ունի՝ բրիտանացիները ի դեմս Նորին Մեծություն Թագուհու տեսնում են ոչ միայն պետության ամենաերկար գահակալած միապետի, այլեւ խոհեմ եւ հոգատար առաջնորդի, ում գործունեությունը տասնամյակներ շարունակ նպաստել է Մեծ Բրիտանիայի հեղինակության բարձրացմանը: