06-10-2016 11:35

Ինչպես և պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա. Սերժ Սարգսյան

ՀՀ նոր կառավարության հաջողությամբ է պայմանավորած այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Այդ մասին այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի:

«Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ որ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամներն ու ընկերները այս հանգամանքը կհասկանան: Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, կառավարության անդամ մեզ հետ քիչ եք հանդիպում, քիչ եք ուշադրության դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը և ձեր ընտանիքի, և ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղեք միասնական»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաև հավելեց. «Վարչապետը սոսկ Ձեր ղեկավարը չէ: Վարչապետն այս թիմի առաջնորդն է և վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, դիտողությունները, երբեք ձեր անձերին չի վերաբերվելու, դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»:

Սերժ Սարգսյանի խոսքերով՝ իրոք շատ բան կա անելու ու այդ ճանապարհին լինելու են հաստատակամ: Նա ընդգծեց, որ պետք է միայն առաջ գնալ, նայել առաջ: Միաժամանակ, Նախագահը հորդորեց նախարարներին՝ խնդիրների ժամանակ չփորձել դրանց արմատները տեսնել նախկինում, միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները:

«Սա է միայն հաղթանակի բանաձևը: Ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության»,-ասաց Սերժ Սարգսյանը: