19-06-2017 12:27

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2017-2022թթ գործունեության ծրագրին

 

ՀՀ կառավարությունը երկուշաբթի օրը կայացած արտահերթ նիստին հավանություն է տվել 2017-2022թթ գործունեության ծրագրին:
Ինչպես ծրագիրը ներկայացնելիս ընդգծել է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ծրագրի հիմքում ընկած են լայնամասշտաբ բարեփոխումներ, որոնք թույլ կտան ապահովել երկրի կայուն զարգացումը:
Ծրագիրը հիմնված է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա, որոնք հասարակական քննարկման առարկա են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն է առաջարկվող բարեփոխումներին»,- ասել է Գաբրիելյանը:
Կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։
Գաբրիելյանի խոսքերով, ամեն բաժնում նշված են այն խնդիրները, որոնք նախորդ ինը ամիսների ընթացքում բացահայտվել են կառավարության կողմից, և դրանց առարկայական լուծումները:
Դրանք միտված են ոչ միայն կառավարության կողմից ինը ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունների շարունակմանը, այլ նաև երկարաժամկետ զարգացման համար առարկայական միջոցառումների իրականացման հիմքեր դնելուն, որոնք կառավարությունը նախատեսում է իրագործել մոտակա հինգ տարում՝ հստակորեն նշված ժամկետներում:
Փաստաթղթում հստակորեն ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ ազատ և անկախ Հայաստանի ու Արցախի միջև խորացող կապը, ինչպես նաև Հայաստանի անվտանգությունը՝ իբրև տնտեսական զարգացման գրավական:
Ծրագիրը բաղկացած է չորս հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց, սոցիալական ոլորտ:
Յուրաքանչյուր բաժնում արտացոլված են նաև բարեփոխումների ցանկերը, որոնք ներկայացված են գերատեսչությունների կողմից՝ հստակ ժամկետներով, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:
«Կարծում եմ, որ ծրագիրը կառավարության առաջ բավական հավակնոտ խնդիրներ է դրել: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով»,- ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բացի այդ, նրա խոսքերով, յուրաքանչյուր ոլորտի համար հստակ ձևակերպվել են այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք հարկավոր է իրագործել՝ նպատակներին հասնելու համար:
Կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողովին: