17-02-2017 14:04

Խորհրդարանական ընտրություններից հետո առաջնային պլան դուրս կգան ՀՀԿ-ի ցուցակի վերջում թաքնված օլիգարխները. Ա. Արշակյան

Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առաջնային գիծ դուրս կգան ՀՀԿ-ի ընտրական ցուցակի վերջում «թաքնված» օլիգարխները, նման կարծիք է հայտնել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին եռյակում են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաաքապետ Տարոն Մարգարյանը, և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արշակյանի խոսքերով երկու ամսում ՀՀԿ-ին հազիվ թե հաջողվի հասարակությանը համոզել այն բանում, որ նախընտրական ցուցակում ներկայացված անձինք «նոր, լավ ու բարի մարդիկ են», և որ « կրիմինալ-օլիգարխիկ դեմքերը լքել են» կուսակցության շարքերը:
«Ես դրան չեմ հավատում, նրանք կմնան: Սա ընդամենը դիմակ է: Նախընտրական ցուցակում հայտնված բոլոր նոր դեմքերը՝ սկսած Վիգեն Սարգսյանից, բոլորն էլ կգնան: Հենց որ ընտրություններն անցնեն, նա (Վիգեն Սարգսյանը) կվերադառնա իր պաշտոնին, իսկ նրա տեղը կզբաղեցնի թփերի հետևում թաքնված, ցուցակի 40-րդ տեղում գտնվող « քրեա-օլիգարխիկ պարտիզանը»,- ընդգծել է Արշակյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է իշխանության վերարտադրության համար:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը նույնպես ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում թաքնված իմաստ է տեսնում, մասնավորապես այն բանում, որ ցուցակը գլխավորելու է հենց ներկայիս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
« Նախընտրական գործընթացների հետ կապված շատ հարցերում ես տրամաբանություն չեմ տեսնում»,- հավելել է Բախշյանը: