03-12-2016 13:52

ԲՀԿ-ն դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ ակտիվանալու խնդրանքով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ ակտիվանալու խնդրանքով:

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում եւ Երեւանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,

Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

Հաշվի առնելով երկրի ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,

Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որեւէ այլ գործիչ եւ քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցը»։