14-05-2015 14:34

Խոսրով Հարությունյանը վարչապետին առաջարկել է 3-4 փոխվարչապետներ նշանակել

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին սահմանված ժամկետում  առաջարկներ է ներկայացրել, որոնցից է՝ սահմանադրորեն ամրագրել փոխվարչապետների ինստիտուտի ընդլայնումը, որպեսզի վարչապետը ստանձնի միայն հայեցողական խնդիրների լուծումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսրով Հարությունյանը: «Վարչապետ և 3-4 փոխվարչապետներ: Սա շատ կարևոր է, էսօր մենք ունենք մեկ փոխվարչապետ, և, ըստ էության, ամբողջ պատասխանատվությունն ընկած է վարչապետի վրա: Վարչապետը աչք չի բացում ամենօրյա քննարկումներից, խնդիրներից… ըստ էության, վարչապետն  ամենօրյա ընթացիկ օպերատիվ աշխատանքով է զբաղվում: Մինչդեռ նա պատասխանատու է իր կառավարության երկարաժամկետ, միջին, հեռահար քաղաքականության մշակման համար: Նա ժամանակ էլ չունի դրանով զբաղվելու»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: Իսկ ոլորտային համակարգման պատասխանատվությունը ստանձնած   փոխվարչապետների առկայությունը հնարավորություն կտա վարչապետին զբաղվել կոնցեպտուալ խնդիրներով: Գործող վարչապետը ներկա պահին միայն 18  նախարարների և բազմաթիվ այլ ոլորտային պատասխանատուների հետ ուղղակիորեն աշխատում է: ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Քրիոստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը խորհրդարանական համակարգի առկայության պարագայում պարտադիր է համարում քաղաքական կուսակցությունների հզորացումը: Այն ինչ գրված է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հայեցակարգում՝ կուսակցությունների դերի ու նշանակության մասին, նրան չի բավարարում: «Եթե դուք խոսում եք խորհրդարանական կառավարման մոդելի մասին, ապա դուք իրավունք չունեք չխոսել այնպիսի համակարգերի մասին, որոնք կերաշխավորեն կուսակցությունների մասնագիտական, որակական կազմը և դրանով կերաշխավորվի կուսակցությունների քաղաքական պոտենցիալը»,-ասաց նա: «Իհարկե, ես հասկանում եմ, որ կուսակցություններին մինչև չպարտադրես չեն աճի, բայց դրա հետ մեկտեղ պետք է սահմանադրորեն կայուն երաշխիքներ ստեղծես, որպեսզի կուսակցությունների մակարդակը փոխվի: Այ սրա մասին ոչ մի զրույց չկա: Միայն խոսակցությունը նրանց ավելի թափանցիկ ֆինանսական հաշվետվողականության մասին է, ինչը մեզ չի բավարարում: Սա կարևոր եմ համարում, բայց ոչ բավարար»,- ասաց Խոսրով Հարությունյանը: ՔԴՄ նախագահի սահմանադրական առաջարկների թեզերից մեկն էլ այնպիսի համակարգերի ստեղծման մասին է, որոնք վերաբերում են կուսակցություններում ժողովրդավարական մեխանիզմների ամրագրմանը, քանի որ, ըստ Խոսրով Հարությունյանի, հանրային կյանքի ժողովրդավարությունը սկսվում է կուսակցության ներսում և ժողովրդավարական մոդելներից: «Մի կուսակցություն, որի ներսում կա ավտորիտար կառավարման համակարգ, այն չի կարող հանրային կյանքը տանի դեպի ժողովրդավարություն»,- ասաց նա: Խոսրով Հարությունյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ ժամանակին իշխող կուսակցությունն էր ժամանակավրեպ համարում սահմանադրական փոփոխությունները և կառավարման մոդելին անցումը, քանի որ հիշեցրեց, որ հենց նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր հիմնական օպոնենտ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների  ձևավորվելիք խումբը: