Բավ է պառակտվել
08-06-2016 12:09

Պատրուշև. ՀԱՊԿ երկրները պետք է ահաբեկչության դեմ պայքարի օրինակ ծառայեն

ՀԱՊԿ շրջանակում պետք է նախատեսվեն նոր մարտահրավերներին հակազդելու միջոցներ, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը

ՀԱՊԿ երկրները պետք է օրինակ ծառայեն այլ պետությունների համար միջազգային ահաբեկչությանը դիմակայելու համագործակցության ոլորտում, չորեքշաբթի Երևանում հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստում։

«Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում մենք ուղղակի պարտավոր ենք որակյալ և համապարփակ փոխգործակցության օրինակ ցույց տալ այդ հարցում և սպառիչ միջոցներ ընդունել կազմակերպչական և քաղաքական, ռազմական համագործակցության, ՀԱՊԿ ուժային հակաահաբեկչական պոտենցիալի զարգացման ոլորտներում և այլ արդի առաջարկներ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ասպարեզում»,- ասել է նա։

Պատրուշևը նշել է, որ այժմ ընթանում է մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման աշխատանքը։ Նրա խոսքով` այդ փաստաթուղթը կարող է ստորագրվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նիստում։

Ռուսաստանի ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ 2009թ.-ին և 2015թ.-ին Ռուսաստանում լրամշակվել է ազգային անվտանգության ռազմավարությունը, ինչն արվել է «երկրի անվտանգության ապահովման շահերից»։

«Մենք անցկացրել և անցկացնում ենք ուժային գերատեսչությունների կառուցվածքային փոփոխություններ, կատարելագործում զորքերի նախապատրաստման որակը»,- նշել է Պատրուշևը։ Նրա խոսքով` նոր մարտահրավերներին հակազդելու նման միջոցներ պետք է նախատեսվեն նաև ՀԱՊԿ շրջանակում։

Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել այլ երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարում ինչպես բազմակողմ ձևաչափով, այնպես էլ երկկողմ հիմքի վրա։ Նրա խոսքով` «ահաբեկիչների գործողությունների աննախադեպ ծավալն ուղղված է արդեն ողջ մարդկային քաղաքակրթության դեմ, իրենից ներկայացնում է համակարգային մարտահրավեր աշխարհի կարգին` հիմնված միջազգային իրավունքի և քաղաքակիրթ պահվածքի նորմերի վրա»։