Բավ է պառակտվել
28-03-2014 12:27

Պատգամավորը նկատում է, որ պետություններն առաջնորդվում են միայն սեփական շահերով

Այսօր, ՀՀ ԱԺ ճեպազրույցի ժամին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Հայաստանի՝ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին «դեմ» քվեարկությանը։ Ռուբիկ Հակոբյանը սեփական տեսակետը հայտնելով՝ ասաց, թե՝ չզարմանաք, բայց «Պետությունն առաջնորդվել է պետության շահերով»։ «Կարելի էր ձեռնպահ քվեարկել, բայց եկեք նայենք ինչ է կատարվում աշխարհում. աշխարհակարգ է փոխվում, բայց երբ խոսվում է համամարդկային արժեքների մասին, երբ դրանք պետք է կիրառենք Հայաստանի վրա՝ դառնում է հակամարդկային, այդ նույն Ուկրաինան, Եվրոպան ու ԱՄՆ-ն տեսնում են ինչ է կատարվում Ղարաբաղում, նույն Եվրոպան ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց չթաքցնելով, որ Արցախն այս հարցում շատ ավելի է համապատասխանում ինքնորոշման, այլ ստանդարտներ է կիրառում»,- նշեց նա։ Ըստ Հակոբյանի ստեղծվել է մի իրավիճակ, որ պետությունները բացարձակապես առաջնորդվում են իրենց շահերով։ «Իսկ, չգիտես ինչու, մենք պետք է առաջնորդվենք համամարդկային շահով։ Այսօր բևեռներ են ձևավորում և Արցախի ինքնորոշման հարցը, այսպես թե այնպես, որևէ համեմատության մեջ չեմ դնում Ղրիմի հետ, բայց կա ազգի ինքնորոշման իրավունք, որը ճանաչվել է Արցախում»,- ասաց նա ու հավելեց, թե անկախ ինչ մեկնաբանություն կտրվի, նույն Ուկրաինան մշտապես հակահայկական կեցվածք է ընդունել։ ՀՀ-ն, նախևառաջ, պետք է առաջնորդվի իր շահերով»,-ասաց նա։ Հարցին, թե ըստ նրա ՀՀ-ն առաջնորդվել է ՀՀ շահերից ելնելով, թե ՌԴ-ի ճնշման տակ, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Այնքան էլ մեծ տարբերություն չկա ձեռնպահի ու դեմի մեջ, չեմ կարծում, որ ճնշման արդյունքում է, չնայած որ հավատաքննիչ չեմ, բայց անբացատրելի կլիներ, եթե կողմ քվեարկեր»։ Իսկ թե ինչպես է գնահատում, որ Հայաստանը հայտնվել է Հյուսիսային Կորեայի ու Սուդանի շարքում, բանախոսը պատասխանեց, թե դա շահարկման հարց է և գրեթե նույնն է, եթե հարցնեին, թե ինչպես եք գնահատում, որ Հայաստանի հարևանները Ադրբեջանն ու Թուրքիան են։ «Միշտ չէ, որ ցանկությունն ու հնարավորությունը համընկնում են։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»,- ասաց նա։