17-10-2014 12:27

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է ՀՀ անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ։ Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ. «Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը:

«Ժառանգություն» կուսակցությունը՝

- դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք:

- մերժում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա, ապօրինի, հապճեպ ու որևէ հեռանկար չխոստացող որոշումը, որը կայացվեց առանց նախնական, թափանցիկ հանրային քննարկումների և քաղաքական ուժերի ներգրավման, ինչն էլ ավելի է խորացրել խնդրո առարկա որոշման նկատմամբ հասարակության մեծ մասի թերահավատությունն ու անվստահությունը:

- իսկ ընդհանրապես՝ անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անդամակցումը միջպետական կամ վերպետական ցանկացած կառույցի՝ առանց առնվազն Հայաստանի կողմից նախօրոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման: Արժանապատիվ և տարրական այս տրամաբանությամբ համանուն խմբակցությունն արդեն օրենսդիր մարմնին առաջարկել է Արցախի ճանաչման որոշում ընդունել նախքան ԵՏՄ պայմանագրի մասին քննարկումն ու քվեարկությունը, և հուսով է, որ այս մոտեցումը կդառնա համազգային համաձայնության եզակի կռվան:

- կարևորում է արցախա-ադրբեջանական մխացող հակամարտության կարգավորման հստակ ու համալիր ծրագրի հույժ անհրաժեշտությունը, որին առայժմ փոխարինում են գործող իշխանությունների շահերը սպասարկող «դիվանագիտությունը», քաղաքական կամքի իսպառ բացակայությունը և արտաքին քաղաքական զարգացումներից համարժեք շահաբաժին ստանալու անկարողությունը: Ակներև է, որ ԵՏՄ-ում Հայաստանն իրականում հանդիսանում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան ընդամենը «աղքատ ազգական» կամ գործիք՝ ուրիշների վրա ներգործելու համար, իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող նվազագույն գինը Արցախն է՝ Աստանայում հնչած երկակի ձևակերպումները վկա:

- համարում է, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացնելու՝ հանրապետության իշխանության դատապարտելի ջանքերը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են սոսկ ընտրությունների կեղծման արդյունքում ձեռք բերած անձնական իշխանությունը խուսավարելու և երկարաձգելու փորձերին: Միանգամայն հասկանալի է, որ անարդար ընտրությունների միջոցով իշխանությունը բռնազավթած պարոն Սարգսյանն իրավասու չէ Հայաստանի ժողովրդի անունից կնքելու որևէ պայմանագիր, ստանձնելու որևէ պարտավորություն:

- վերահաստատում է, որ հակապետական սույն պայմանագիրը՝ իր առոչինչ ստորագրությամբ հանդերձ, չպետք է վավերացվի Ազգային ժողովում, իսկ վավերացման դեպքում՝ միմիայն Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պարտադիր նախապայմանով:

Ակնհայտ է, որ այս և ածանցյալ բոլոր խնդիրների լուծման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն այսօրվա իշխանությունների շուտափույթ ու ամբողջական հեռացումն է, ինչը թե՛ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության և թե՛ Սահմանադրության հրամայական պահանջն է:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ»: