10-03-2014 16:26

Ո՞վ Է ՀՀ ԱԺ նախագահին ստիպել հրաժարվել պաշտոնից

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,Ազգային ժողովում Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախաձեռնության մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արձագանքեց ՝ նշելով, որ անհիմն են նրա դիտարկումները, թե ԱԺ–ն դարձել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորող գործակալություն։ Այնուհետև ԱԺ նախագահն ավելացրեց, թե բոլորին է հայտնի, թե ով ում գործակալն է, նշելով, թե բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական մարմին ստեղծելու նախաձեռնության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այն ստեղծվում է՝ հատուկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու համար:

«Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ»,-ասել էր նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, թե նման կոմբինացիա Նախագահ Սերժ Սարգսյանն իրականացրել էր նաև Հովիկ Աբրահամյանի հետ՝ 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նրան ԱԺ նախագահի պաշտոնից ազատելով, ապա վերանշանակելով: 

«Իմ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելը զուտ քաղաքական խնդիր է եղել, ու ոչ մեկը ինձ չի պարտադրել դիմում գրել, դուրս գալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»- հավելեց Հովիկ Աբրահամյանը: