11-06-2014 14:12

Նազարբաևի նամակը արհամարհանք էր Հայաստանի նկատմամբ. Ռ. Հակոբյան

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԱԺ-ում հայտարարել է, թե նոր Կառավարությունն իր քաղաքական գործունեությունը սկսեց ոչ ազնիվ կանոններով, և նույնիսկ գնահատական չի տալիս նախորդ Կառավարության գործունեությանը, թե ինչու ձախողեց ծրագրերը։

՛՛Դուք ծրագրում ունեիք կետեր, որ Կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, չպայքարեցիք, որովհետև ձեռնտու չէր։ Պետք է պայքարեիք ստվերի դեմ, ստվերի դեմ էլ չպայքարեցիք, որովհետև ստվերը գտնվում է իշխանության ՛՛կաստյակի՛՛ շրջանակում՛՛,- նշեց նա և շարունակեց.

՛՛Բայց դա ձեզ ձեռնտու չէ և չեք էլ քննարկում։ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե չեմ ուզում իմ նախորդին գնահատական տալ, սա տղայական մոտեցում է։ Բա չմանրամասնե՞նք, թե ինչու ձախողվեց, չփորձե՞նք շտկել՛՛,- հարցրեց նա և հավելեց, թե դա նշանակում է, որ նորը նույնպես անկեղծ չէ և մեծամասնությունից մեկը չգտնվեց, ով համարձակություն ունենար խոսել այդ մասին։

Ըստ Հակոբյանի այս Կառավարությունը վստահություն չի ներշնչում, թերևս վստահ է, որ շատերը պրոֆեսիոնալ են, բայց համակարգը հակահամակարգ է պետություն ստեղծելու համար:

Ռուբեն Հակոբյանը նկատեց, թե այս պահին շրջանառության մեջ են դրվում սահմանադրական բարեփոխումները, որը, ըստ նրա, մեկ նպատակ ունի՝ ՛՛ուշադրություն շեղել՛՛.
՛՛Արդեն քիչ է մնում ծնելիության աճը պայմանավորեք սահմանադրական բարեփոխումներով, լա՛վ էլի, տենց չեղավ՛՛։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ի գնահատականը Աստանայում լավագույնս տվել է Նազարբաևը։
՛՛Որ մենք հարգանք չունենք, արհամարհանք էր նրա նամակի ընթերցումը մեր պետության նկատմամբ, բայց կան սոփեստներ, ովքեր ասում են, թե դրսում մենք հաղթանակ տարանք, մի քիչ գոնե հարգեք Ձեզ ու Սերժ Սարգսյանին։ Էդ քաղաքական նարցիսիզմը մի կողմ դրեք, հասկացե՛ք, որ իսկապես իրավիճակը վատ է՛՛։