04-04-2016 12:52

ՌԴ-ն ամենաշատն է շահագրգռված Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կարգավորում տանող ուղին անցնում է երկխոսության ու փոխզիջման միջով:
«Խաղաղության վերականգնում տանող ուղին մշտապես ու ամենուրեք անցնում է երկխոսության, փոխզիջման միջով, և երկու կողմից այդ երկխոսությանն ու փոխզիջմանը պետք է հասնել մշտապես»,- ասել է Նարիշկինը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն այդ շատ բարդ ու ծանր հակամարտության ողջ ընթացքում իրականացրել և շարունակում է իրականացնել ինտենսիվ աշխատանք, այդ թվում նաև՝ Մինսկի խմբում, որպեսզի փորձի կարգավորել այդ հակամարտությունը. «Պետք է նշել, որ հնարավոր է՝ Ռուսաստանը որևէ ցանկացած այլ երկրից ավելի շատ է շահագրգռված Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»:
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ԱԳ ու պաշտպանության նախարարությունների ղեկավարները զրույցներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի նախագահը: