21-02-2015 11:19

Հայ-թուրքական արձանագրություններն արդեն մեռած փաստաթղթեր են. Milliyet

Թուրքական Milliyet թերթի հոդվածագիր Սամի Քոհենն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլին և արձանագրել, որ Թուրքիայի արտաքին և ներքին հագեցած օրակարգի պատճառով այդ լուրը պատշաճ ուշադրության չարժանացավ՝ չնայած շատ կարևոր էր: 
Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Իրականում այդ զարգացումը նշանակում է, որ առաջիկա շաբաթներում Հայոց ցեղասպանության հարցը միջազգային հարթակներ է տեղափոխվելու:

Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը խորհրդարանի օրակարգից հետ կանչելու ժամանակահատվածն ի ցույց է դնում դրա տակտիկական նպատակը: Այսինքն՝ Երևանն այդ նախաձեռնությամբ հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթիվ անելիք քայլերի համար: 
Սարգսյանի՝ այդ որոշման համար հիմնական փաստարկն այն է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցում Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանն է առաջ քաշում: 
Ճիշտ է, Անկարան Ղարաբաղի նախապայմանն ամեն առիթով կրկնում է: Դեռ վերջերս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե արձանագրություններում առկա «սահմանները բացելու» որոշման կյանքի կոչման համար Հայաստանը պետք է հետ քաշվի Ղարաբաղի առնվազն մեկ շրջանից:

Արձանագրությունը թղթի վրա մնաց

Մինչ այժմ Արձանագրությունները կյանքի չկոչելու պատճառն Անկարայի և Երևանի միջև այդ հարցի (ԼՂ հակամարտության-Tert.am) շուրջ առկա անհամաձայնությունն է: Չնայած դրան՝ Արձանագրությունները նախընտրում էին խորհրդարանի օրակարգում պահել: Այժմ Սարգսյանը դրանք հետ է կանչում, ինչը վկայում է Երևանի և հայկական սփյուռքի՝ Ապրիլի 24-ի առթիվ սկսած արշավի մասին: Սա նշանակում է, որ Հայաստանի համար արդեն այդ արձանագրությունները մեռած են:

Անկարան, սակայն, Արձանագրությունները հետ չի կանչում և նախկինի պես առկախ է պահում: Արտգործնախարարության խոսնակն էլ ասում է, որ թուրքական կողմն իրեն այդ արձանագրություններից դեռ կախյալ է համարում:

Սակայն ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը մտադիր չէ այդ արձանագրությունների կյանքի կոչման համար հրաժարվել նախապայմաններից:

Հետևաբար՝ դրանք այս պահին ոչ այլ ինչ են, քան «մեռած թղթեր»…

Սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում թուրքական նախապայմանները հասկանալը դժվար չէ իհարկե: Ադրբեջանը Թուրքիայի համար մի շարք առումներով չափազանց կարևոր է: Անկարան եղբայրական պետության սիրտը կոտրող քայլ չի անի: 
Սակայն Թուրքիան Հայաստանի հետ երկխոսություն սկսելու, տարիներ շարունակ չլուծվող Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում ավելի մեծ օգուտ կարող է տալ: Անկարան, հենց սկզբից, Բաքվին չկարողացավ այդ հարցում համոզել…

Զուր արված ժեստ








Այսօրվա հանգրվանում հարաբերությունները ոչ թե փափկել են, այլ հակառակը՝ լարվել:
Այժմ ամեն ինչ Ապրիլի 24-ի վրա է կենտրոնացել: Երևանն ու հայկական սփյուռքը միջազգային հարթակներում լայն արշավներ են սկսելու և փորձելու են իրենց օգտին որոշումներ կորզել: Աշխարհի շատ առաջնորդներ այդ օրը Երևանում կայանալիք միջոցառմանն են մասնակցելու: 
Սկզբից էլ հայտնի չէ՞ր, որ Չանաքքալեի ճակատամարտի (Գալիպոլի ճակատամարտի) 100-ամյակին համընկնեցնելով օտար պետությունների առաջնորդներին, նաև Սարգսյանին Թուրքիա հրավիրելն արդյունք չի տալու»: