26-08-2016 07:33

ՀՀ ԱԳՆ-ն` ԼՂ կարգավորման մասին. մենք միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինենք

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի համար պետք է, նախևառաջ, ի կատար ածվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

«Եթե դրանք իրականացված լինեին, մենք դա կտեսնեինք, իսկ առանց դրա ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը: Վտանգը միշտ եղել է, կա, և մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք», - ընդգծել է նա:

Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի nախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։