03-06-2014 20:01

Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:
«Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, և վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն նվազել են հասարակության դժգոհությունները կոմիտեի կառույցների նկատմամբ:

Համոզված եմ, որ պարոն Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում և օրենսդիր մարմնում ունեցած փորձը հնարավորություն կտա, որպեսզի նա հաջողությամբ շարունակի այդ բարեփոխումները: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի և իմ հույսերը կարդարացնեք»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառում բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը և նշել, որ կոմիտեի աշխատանքները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Մարտին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կիսատ մնացած բոլոր բարեփոխումները կհասցվեն իրենց նպատակին:
«Կփորձենք նորովի մոտեցումներով, կոմիտեի մատուցած ծառայությունների միջոցով, նվազեցնել բնակիչների խնդիրները»,- նշել է Մարտին Սարգսյանը: