Բավ է պառակտվել
02-03-2015 11:03

ՀՀ ավազակապետական իշխանությունները թքած ունեն երկրի քաղաքացիների պահանջների վրա. Տեր-Պետրոսյան

Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է հռչակել այդ օրը զոհերի հիշատակի և համազգային բողոքի օր:
«Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել։ Հայաստանի ավազակապետական իշխանությունները, բռնապետություններին հատուկ ցինիզմով, չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների, եւ թե՛ նույնիսկ միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եւրոմիության ընդունած բանաձեւերի ու հայտարարությունների վրա։ Նման պահվածքով նրանք, ըստ էության, բացեիբաց հայտարարում են` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակոծել ենք. պետք լինի, էլի կանենք։ Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետեւ եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն այլեւս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին, եւ բռնապետությունը պարզապես կփլուզվեր։ Բոլոր բռնապետություններն էլ բնազդաբար ձգտում են մոռացության մատնել իրենց գործած ոճրագործությունները, եւ Հայաստանի ավազակապետական վարչախմբի վարքագիծն այս իմաստով ամենեւին բացառություն չպետք է համարել, եթե նկատի ունենանք այն ահռելի ջանքերը, որոնք վերջինս գործադրում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու եւ հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։ Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ո՛չ հոկտեմբերի 27-ի, ո՛չ էլ մարտի 1-ի ոճրագործությունները չեն բացահայտվելու եւ դրանց բուն կատարողներն ու կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սակայն այս դառն իրողության հաստատումն ամենեւին չի նշանակում, թե հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը պետք է հուսահատվեն ու թեւեթափ լինեն դրանից, այլ, ընդհակառակը, պարտավոր են բազմապատկել իրենց ջանքերը` չդադարող զանգվածային միջոցառումների եւ հետեւողական օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լիակատար արդարադատության հասնելու նպատակով։ Քանզի մոռանալ, նշանակում է ներել։ Իսկ մոռացված, հետեւաբար, ներված ոճրագործությունը, որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, եւ Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր` թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։ Պետք է հստակորեն գիտակցել հետեւյալ պարզ իրողությունը. որքան էլ ինքնավստահ, որքան էլ ամբարտավան, որքան էլ դաժան` բռնապետությունն անհանգստանում, զայրանում եւ նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած ոճիրներն ու հանցանքները։ Հետեւաբար, երբ հասարակության ոչ մի պահանջ տեղ չի հասնում, իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ապա վերջիններիս ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք, այն է` չմոռանալ եւ գիշերցերեկ հնչեցնել վարչախմբի գործած ոճիրներն ու հանցանքները։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը նկատի ունենալով, այժմ ես ուզում եմ ձեր առջեւ հանդես գալ հետեւյալ գործնական առաջարկով, այն է` հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար»։ Այժմ այս առաջարկը դնում եմ քվեարկության։ Ովքե՞ր են համաձայն։ Կո՛ղմ` հաշվելն անհնար է։ Դե՛մ` չկա։ Ձեռնպա՛հ` չկա։ Արձանագրում եմ` որոշումն ընդունված է 2015թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի կողմից։ Իհարկե, կասկած չկա, որ Ազգային Ժողովի Հանրապետական մեծամասնությունը, իր սովորության կամ վերեւից իջեցված հրահանգի համաձայն, կտապալի նաեւ ընդդիմության այս նախաձեռնությունը։ Սակայն դա այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ ժողովուրդը, հանձինս ձեզ, միաձայն որոշմամբ արդեն հռչակել է հիշատակի եւ բողոքի այդ օրը։ Եւ ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ ազգային տոները, հիշատակի օրերն ու սովորույթները իրականում ոչ թե պետությունը կամ եկեղեցին են սահմանում, այլ ժողովուրդն ինքը», - ասել է Տեր-Պետրոսյանը։