26-11-2015 12:59

Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղական լրատավամիջոցների խնդրանքով անրադառձել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Ստորև ներկայացնում ենք նյութն առանց միջամտության.

Մինչեւ բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կրկնել իմ այն պնդումը (21.09.2015), որ սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր սահմանադրության նախագիծ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը։

Առանց պարզելու այսպիսի կտրուկ շրջադարձի դրդապատճառը, մանավանդ մի պարագայում, երբ ո՛չ ՀՀ գործող նախագահի, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբեւէ ակնարկ անգամ չի եղել, անիմաստ է խոսել խորհրդարանական եւ նախագահական համակարգերի առավելությունների կամ թերությունների մասին։ Հետեւաբար, «Ոչ»-ի ճամբարը միանգամայն ճիշտ է վարվում՝ չներքաշվելով տվյալ հարցի շուրջ ծավալված եւ խնդրի էությունից շեղող կեղծ ու անպտուղ բանավեճի մեջ։

Իսկ ինչ վերաբերում է դրդապատճառին, ապա ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ Ուստի «Այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի եւ հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության եւ այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել։

Նրանք չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու եւ ժողովրդին համոզելու որեւէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արեւ, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից։ Չեն հասկանում, թե ինչպես ժողովուրդը կարող է հավատալ նման երդումների, որոնք հնչում են այնպիսի մարդկանց շուրթերից, ովքեր տարիներ շարունակ անխնա թալանել են երկիրը, խաղաղ պայմաններում պատճառ դարձել հարյուրհազարավոր քաղաքացիների արտագաղթի, զանգվածաբար կեղծել բոլոր մակարդակների ընտրությունները, պարտակել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի աննախադեպ ոճրագործությունները, կոծկել ռեժիմի ներկայացուցիչների կատարած անհամար այլ հանցագործություններ ու սպանություններ։

Թող ամենեւին զարմանալի չթվա, եթե ասեմ, որ նոր սահմանադրության ջատագովները մարդկային առումով արժանի են անգամ որոշ կարեկցանքի, որովհետեւ, կամովին թե ոչ, հարկադրված են ապացուցել անապացուցելին, դրա հետեւանքով դառնալով ժողովրդի ծաղրուծանակի առարկա։ Առանց չափազանցության, նրանց անճարակ քարոզչությունն արդեն իսկ կատարելապես տապալված կարելի է համարել, ինչի վկայությունն է այն, որ նույնիսկ իշխանությունների կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների առայժմ գաղտնի պահվող արդյունքների համաձայն, ներկա պահի դրությամբ, Հայաստանի բնակչության շուրջ երեք-քառորդը դեմ է սահմանադրական փոփոխություններին։

Իսկ սա նշանակում է, որ եթե ռեժիմն այդ փոփոխությունների անցկացումը դիտում է որպես կենաց-մահու խնդիր, ապա հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու համար, հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան՝ հերթական անգամ պատճառ դառնալով ներքաղաքական սուր ցնցման, ժողովրդի հուսալքության խորացման, արտագաղթի նոր ալիքի խթանման, վերջին հաշվով՝ ազգային միասնության իսպառ խարխլման եւ պետականության թուլացման։

Այս տխուր ու անցանկալի իրողությունն է, ահա, որ պետք է դառնա Հայաստանի ու Ղարաբաղի ապագայով շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ քաղաքացիական կառույցների մտահոգության գլխավոր առարկան։ Մանավանդ, որ ի տարբերություն 2008 եւ 2013 թվականների հետընտրական ցնցումների, մեր երկիրն ազգային միասնության խարխլման եւ պետականության թուլացման սպառնալիքի առջեւ է կանգնում աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակում։

Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թեւակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը եւ սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատեւ ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արեւելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

Այդ երկրամասերից մեկը, գուցեեւ ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն։

Ինչեւէ, Հայաստանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն եւ պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում։ Դրա փոխարեն, սակայն, ինչպես տեսանք, ռեժիմը տոգորված է ժողովրդի վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն, չի կարելի կոչել։ Իսկ փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որեւէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել։

Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռեւս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից։

Պետական այրը երբեւէ չպետք է առաջնորդվի պատվախնդրության (թասիբի) կատեգորիայով. լինում են պահեր՝ կապված երկրի ճակատագրի հետ, երբ սեփական վճռից ետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը։ Այսօր, ահա, այդպիսի բախտորոշ պահերից մեկն է, քանի որ հանրաքվեն հիրավի հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով։

Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացվեց թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման լուրը, որը գալիս է ապացուցելու, թե դեռեւս ինչպիսի վտանգավոր բարդացումներ են սպասվում Ուկրաինայի եւ Սիրիայի իրադարձություններով վերսկսված սառը պատերազմի մերձավորարեւելյան թատերաբեմում՝ բարդացումներ, որոնք, դժբախտաբար, չեն կարող շրջանցել Հայաստանը։ Նման իրավիճակում սահմանադրական հանրաքվեի անցկացումը ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքից անհնար է տարբերել։