10-05-2014 15:13

Ուորլիքի առաջարկը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է. քաղաքագետ

«Ուկրաինան վերածվում է մսաղացի, ամերիկացիները խնդիր ունեն իրենց դեմքը փրկելու, իսկ դրա համար ամենահարմար ճակատը Կովկասն է»,-այսօր նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ մասնագետի Ռուսաստանին Կովկասում կայունություն է պետք, իսկ դրա իրագործման համար ամենահարմարը Հայաստանն է: Անրադառնալով օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աղմկահարույց հայտարարությանը, Լեւոն Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է. «Թվում է Ադրբեջանին են գովում, իրականում Ռուսաստանի են դեմ են… Ինչ վերաբերում է Ուորլիքի նշած վեց կետերին, կարծում եմ, որ դրանք մեր մահն են»: Քաղաքագետը նաև ընդգծեց, որ ՀՀ վարչապետի նախօրեի հայտարարությունն այն մասին, թե ոչ մի թիզ հող չի տրվելու շատ ողջունելի է, իսկ Պաշտպանության նախարարի ելույթը ինչպես միշտ զուսպ է բայց՝ տեղին: Լևոն Շիրնյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մինչ ապրիլի 24-ը Ուորլիքն իրեն այնպես էր պահում, թվում էր, թե մայրը հայ է, իսկ հետո՝ խնդրեմ: «Պետք է ուշադրություն դարձնել նրա հայտարարության ժամկետներին, դա ևս ենթատեքստ ունի»:
Խոսելով իրավիճակից դուրս գալու մասին քաղաքագետն առաջարկեց իր տարբերակը. «Մեր երկրի մոբիլիզացիոն ուժը պետք է մեծանա, արտագաղթը կասեցվի, հարկային, մաքսային դաշտը պարզեցվի, հայրենակիցների ներգաղթ կազմակերպվի, թեկուզ ուկրաինահայության, ազգային կապիտալի ներհոսք եւ բնակեցում՝ արեւելյան հատվածներում: Եթե այս հարցերը լուծվեին, որեւէ Ուորլիք նման հայտարարություն չէր անի»: