16-06-2014 16:57

Բաքվում Հայաստանի պատվիրակության և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի պատվիրակության և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։
Նիստի սկզբում ելույթ է ունեցել LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը, և, խոսելով դրական փոփոխությունների մասին, նա նշել է, որ Ադրբեջանի միակ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ «Հիմնական սկզբունքները պետք է լինեն պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, և այն պետք է վերականգնվի»,-ասել է նա։
Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բողոքել է Սամութի ելույթի դեմ։
Նա պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշման հարցի վրա։
Նրանից հետո ելույթ ունեցած ադրբեջանցի պատգամավոր Սայավուշ Նովրուզովը մասնակիցներին հիշեցրել է ադրբեջանական հողերի «օկուպացիայի» մասին և հայտարարել, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։
Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը կոչ է արել ծանոթանալ ՄԱԿ-ի բանաձևի տեքստին և հետո միայն Հայաստանին «ագրեսոր» կոչել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների Բաքու կատարած այցի: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են հայ պատգամավորները։
Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց պաստառները։