Բավ է պառակտվել
23-08-2016 12:18

ԼՂ կարգավորման բանակցող կողմերը փոխզիջումների պատրաստ չեն. Իսկանդարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում խոսել որևէ փոխզիջումների մասին այս պահին հարկավոր չէ, քանի որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը պատրաստ չեն դրանց, օգոստոսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` այժմ բանակցություններ են ընթանում ավելի շատ սահմանագծում խաղաղության պահպանման և լարվածության բացառման ուղղությամբ: Դրանից հետո միայն կարելի կլինի խոսել թե կողմերն ինչ փոխզիջումների են պատրաստ գնալ: Հասկանալի է, որ Ադրբեջանը դրանց բոլորովին պատրաստ չէ: Իսկանդարյանի կարծիքով 2007թվականից՝ մադրիդյան սկզբունքների ի հայտ գալուց հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել:

«2007 թվականից, երբ ի հայտ եկան մադրիդյան սկզբունքները ԼՂ բանակցային գործում ինչ-որ նոր բան փոխվե՞ց, իհարկե՝ ոչ: Առաջարկները չեն փոխվել, այդ ամենը մադրիդյան սկզբունքների տարատեսակներ են: Երբևէ խոսք չի եղել այն մասին, որ Ադրբեջանը կճանաչի ԼՂ-ն, իսկ մենք ոչ մի սանտիմետր հող չենք տա, բանակցային սեղանին երբեք նման փաստաթուղթ կամ նման պայմանավորվածություն չի եղել», - նշել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի ապրիլյան էսկալացիայից հետո նպատակ էր դրված նվազեցնել սահմանին ակտիվության մակարդակը, ինչը հնարավոր եղավ երկու կողմերի վրա ճնշում գործադրելուց հետո միայն:

«Շատ ակտիվորեն դա զգացվում էր մայիս - հունիս ամիսներին, սակայն այսօր չեմ կարծում, որ կարելի է մտածել բանակցություններում լուրջ առաջընթացի մասին: Ես բավականին թերահավատորեն եմ վերաբերվում ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլև Ադրբեջանի կոմից սահմանին ակտիվության նվազեցման երկարաժամկետ պահպանմանը», - ասել է նա: