21-05-2014 14:07

Հանրապետական կուսակցությունում ավելի գրագետ ու արժանի մարդիկ են. Հ. Աբրահամյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հղում անելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ավելի վաղ հայտարարությանը, որ ինքը կողմ է, որ վերահսկողական մեխանիզմները տրվեն ընդդիմությանը՝ կառավարության ծրագրի իրականացման համար, ասաց, որ վերջինս վարչապետ նշանակվելուց հետո մտափոխվել է՝ պատճառ բերելով այն, որ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, ուստի և վտանգավոր է գնալ այդ քայլին։

Նա նշել է, թե ստացվում է, որ միակ կայացած կուսակցությունը ՀՀԿ՞-ն է, դրա համար բոլոր գործառույթները իրե՞նք են իրականացնում։
՛՛Հարցս հետևյալն է, այդ ի՞նչ գործիք ունեք, որ կարող է իրականացնել միայն ձեր մեծամասնությունը՝ իր գրագիտությա՞մբ է առավել, ինտելեկտո՞վ։ Ո՞ւմ հետ եք համեմատում այստեղ նստածներից, որ նման եզրահանգման եք գալիս՛՛,-հարցրեց նա։

Ռուբեն Հակոբյանը նաև հարցրեց, թե վերջին շրջանում ամեն ինչ կապում են Սահմանադրական փոփոխությունների հետ՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ստվերային տնտեսության։
՛՛Չեք գտնո՞ւմ, որ արժեզրկում եք, որ մենաշնորհը, կաշառակերությունը, ատկատը Սահմանադրությամբ չեն փոխում, այլ օրենսդրական դաշտով, դրանով չեք փորձո՞ւմ ուշադրություն շեղել՛՛,-հարցրեց նա։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանն առաջին հարցին հետևյալն էր. ՛՛Հանրապետական կուսակցությունում ավելի գրագետ ու արժանի մարդիկ են, և դա որոշել է ժողովուրդը՛՛։

Ինչ վերաբերվում է Սահմանադրական բարեփոխումներին, ապա նա նշեց, որ չի ուզում կապել ստվերը, ատկատը այդ փոփոխությունների հետ և հասկանում է, որ դա գործադիրի խնդիրն է։

Իսկ փախստականների մասով նա նշեց, որ վերաբնակեցման հարցերը կապված են ֆինասական ռեսուրսի հետ։ Նա նկատեց, որ թեև 2014-ին բյուջեում չկա որևէ տող, որով նախատեսված կլինի փախստականներին բնակարաններով ապահովելու խնդիրը, բայց իրենք այդ հարցը քննարկելու են միջնաժամկետ ծրագրում։