Բավ է պառակտվել
26-06-2014 10:52

ՀՀ ԱԳՆ-ն ելույթ է ունեցել Աֆղանստանում ԱԳՆ-ների հանդիպմանը

Նախօրեին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: