31-03-2014 19:51

Հայաստանը զրկվեց ինքնիշխանությունից, հավասարվեց բռնապետական, հակաժողովրդավարական պետություններին. ՀՀՇ

ՄԱԿ-ում իր քվեարկությամբ Հայաստանը հավասարվեց աշխարհի բռնապետական, հակաժողովրդավարական պետություններին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց համազգային շարժում կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ բանաձեւին՝ հայտնվելով միեւնույն շարքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Բոլիվիան, Հյուսիային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն:

Ի վիճակի չլինելով չեզոք դիրքորոշում հայտնել միջազգային հարաբերություններում՝ Հայաստանը ոչ միայն վերջնականապես զրկվեց ինքնիշխանությունից, այլեւ հավասարվեց աշխարհի բռնապետական, հակաժողովրդավարական պետություններին՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի կողմից մեկուսանալու, վերջնականապես մերժված երկրների շարքին դասվելու սպառնալիքը:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը տեղի ունեցածը որակելով՝ որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջման, ազգային շահերն այլ երկրների կամքին ենթարկեցնելու հերթական հակապետական գործողություն, խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների այս գործելաոճը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ Հայաստանի ազգային շահերը սպասարկելու միակ հնարավորություն համարելով գործող վարչակազմի հեռացումն իշխանությունից»: