07-07-2014 15:33

Գալուստ Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ռուս պաշտոնակցին

Այսօր շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվեց ՌԴ Պետական Դումա:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանում եւ ամրապնդվում: Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին են վկայում երկու երկրների նախագահների բարձր մակարդակով շփումները: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Պետդումայի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը ավելի կզարգանան ու կխորանան, եւ այս համատեքստում բարձր գնահատեց միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Սերգեյ Նարիշկինը ողջունեց եւ կարեւորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ նշեց, որ այն խթան կհանդիսանա առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման եւ ընդլայնման համար: Պետդումայի նախագահը կարեւոր համարեց նաեւ համագործակցության խորացումը միջազգային տարբեր հարթակներում: Ռուսական կողմն առաջարկեց նաեւ ակտիվացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների խորհրդարանների միջեւ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վերընթաց են ապրում: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ընկած է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաեւ երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը: ԱԺ նախագահը նշեց, որ միջպետական կապերի կարեւոր բաղադրիչներից է խորհրդարանական ձեւաչափը: «Վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը, եւ տարբեր ձեւաչափերով կազմակերպվող հանդիպումները նոր լիցքեր են հաղորդում եւ լայն հնարավորություններ ստեղծում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,-ասաց Գալուստ Սահակյանը: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը երկար տարիների ընթացքում արդյունավետորեն համակարգում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային Ժողովի փոխհարաբերությունները:

Միջպետական հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ներդրումների խթանումը, հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` տնտեսական համագործակցության հետագա հեռանկարների համար կարեւորագույն խթան կհանդիսանա մեր երկու երկրները կապող երկաթուղու վերականգնումը:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` ԱԺ նախագահը ընդգծեց Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կատարելով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական ինտեգրման գործընթացին` Գալուստ Սահակյանը նշեց, որ այն կստեղծի նոր փոխշահավետ հեռանկարներ բոլոր անդամակցող պետությունների համար:

Գալուստ Սահակյանը նշեց, որ 2015 թ. լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ի թիվս այլ միջոցառումների՝ Երեւանում ապրիլին կանցկացվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողով: Նա Սերգեյ Նարիշկին հրավիրեց մասնակցելու վերոնշյալ համաժողովին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս հայտնեց, որ Պետդուման համապատասխան կերպ կանդրադառնա մարդկության դեմ իրականացված այդ հանցանքին, եւ Պետդումայում Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի: «Կարծում եմ նաեւ, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը պետք է ըստ պատշաճի ընդգրկված լինի պատմության դասագրքերում` ֆաշիզմի հետ մեկտեղ»,-նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: