02-11-2016 16:16

Բելգիայի Սենատի նախագահ. Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի առջև

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կառավարության ղեկավարը վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը:

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի բնակչությանը։
Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին Դըֆրենյն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար:

Զրուցակիցները կարևորել են «Brussels Airlines» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

Կարեն Կարապետյանը և Քրիստին Դըֆրենյն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Վարչապետը կարևորել է ԼՂ հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ
ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաև ողջունել Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել այն փաստը, որ դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և ավելացրել, որ 2015-ին Ներկայա¬ցուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Տիկին Դըֆրենյն ընդգծել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը: