Բավ է պառակտվել
24-04-2016 12:12

Լավրովի այցի ժամանակ փոխզիջումների հարց չի քննարկվել. Էդվարդ Նալբանդյան

«Փաթեթ գոյություն չունի: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առաջարկությունների որևէ փաթեթ չի բերել և դրա մասին Լավրովը հայտարարել է»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք փաթեթ կամ ինչ-որ առաջարկություն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ:

«Շինծու հարցեր պետք չէ տալ, ասեկոսների վրա հիմնված եզրակացություններ անելն իմաստ չունի: Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր պետք է ջանքերն ուղղված լինեն հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որպեսզի կայունություն ստեղծվի, ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում և հնարավոր լինի ավելի հարմար ու ավելի նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Սա է ասել Լավրովը»,-ասաց Է.Նալբանդյանը:

Պատասխանելով՝ փոխզիջումների մասին խոսք գնացել է հարցին, Նալբանդյանն ասաց. «Ի՞նչ փոխզիջումներ, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցելության ժամանակ, իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինն անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»:

Ըստ նրա՝ կարգավորումն այն է, ինչ-որ հայտարարվել էր բազմիցս Հանրապետության նախագահի և արտգործնախարարի կողմից:

Նախարարի խոսքով, այն առաջարկները, որոնք արվել են, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա չէր մտնի այս փակուղու մեջ և չէր գնա այս գործողություններին. «Ձախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհով լուծումներ գտնել: Ստիպված է լինելու վերադառնալ բանակցություների սեղան, քանի որ այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցություները պետք է շարունակել»:

Պատասխանելով հարցին, թե ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ի՞նչու է գաղտնի պահվում, Նալբանդյանն ասաց. «Բանակցությունների մասին մենք տեղեկացրեցինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունը այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա»: